
Երևանի քաղաքացիները մասնակցում են ցույցի` գրավված ոստիկանական պարեկապահակային ծառայության գնդի մերձակայքում: (c) Հրանտ Խաչատուրյան / ՌԻԱ Նովոստի։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Հոդվածի անգլերեն տարբերակը լույս է տեսել 2017 թ-ի փետրվարի 7-ին:
2016-ը բուռն փոփոխությունների և շարունակական մարտահրավերների տարի էր: Արևմուտքում այն լիբերալ կապիտալիստական ժողովրդավարությունների ճգնաժամի տարի էր, որի ընթացքում ականատես դարձանք աջ ազգայնական քաղաքական կուսակցությունների և շարժումների վերելքին: Բրեքսիթի հանրաքվեն Բրիտանիայում և Թրամփի ընտրական հաղթանակն ԱՄՆ-ում ընդամենը ամենացայտուն օրինակներն են նրա, թե ինչպես են ամբոխավարական քաղաքական գործիչներն օգտվում մարդկանց տնտեսական անապահովությունից, հուսախաբությունից ու ստատուս-քվոն փոխելու ցանկությունից: Այնինչ, նախկին Խորհրդային երկրներում, որտեղ ազգայնականության աճը միաժամանակ թե՛Միության փլուզման մղիչ ուժն էր, թե՛ արդյունքը, ծայրահեղ ազգայնական դիսկուրսներն ու աջերի՝ առանց իրական քաղաքականության ամբոխավարությունը քաջածանոթ երևույթներ են:
Տեղական քաղաքական իրադարձությունները, իհարկե, նույնպես անմիջական գործոններ են: Հայաստանում «ազգային միասնություն» ազգայնական դիսկուրսի վերելքը խիստ կապված էր 1980-1990-ականների ղարաբաղյան «միավորված և համազգային» շարժման հետ: Այս դիսկուրսը կանխում է առավել ուղիղ քննադատությունը և այլընտրանքների մասին քննարկումը` հօգուտ ազգային անվտանգության ստատուս-քվոյի: Եվ քանի դեռ խաղաղության բանակցությունները ծամծմվում են, կոնֆլիկտը պարբերաբար վերականգվում է՝ ավելի թեժացնելով այդ դիսկուրսը:
Անկախացումից քսանհինգ, իսկ զինադադարից քսաներկու տարի անց նոր պատերազմի սպասումը դարձել է առօրեական խոսակցության մաս ինչպես տներում, այնպես էլ հանրային կյանքում:
Անշուշտ, Հայաստանի և Ադրբեջանի միջև 2016-ի ապրիլի «քառօրյա պատերազմը», որն արձանագրեց տարածքային փոփոխություններ հօգուտ Ադրբեջանի, սաստկացրեց «ազգային միասնության» վերջին ալիքը: Ինն ամիս անց կարելի է դիտարկել, որ զարմանալիորեն 2016-ի ապրիլին միայն իշխող վերնախավն ու ռեժիմին հավատարիմ անհատները, խմբերն ու մեդիա կառույցները չէին, որ սատարում էին ազգային միասնությանը: Բազմաթիվ անկախ փորձագետներ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ և նրանք, ովքեր իշխող ռեժիմը վիճարկում են բազմաթիվ այլ հարցերում, ևս տրվեցին դրան: Հակամարտության պոռթկման ժամանակ նույնիսկ անկախ լրագրողներն ու լրատվամիջոցներն առաջ տարան «ազգային միասնության» դիսկուրսի կարիքը:
Հաշվի առնելով այս իրադրությունը՝ կարևոր է թվում այն հարցը, թե ինչպես է «ազգային միասնություն» դիսկուրսի շարունակականությունը խափանում սոցիալ-քաղաքական փոփոխության հնարավորությունները Հայաստանում:
Ո'չ պատերազմ, ո'չ խաղաղություն
2016 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը տոնեց Խորհրդային Միությունից անկախացման իր 25-ամյակը: Հայաստանի անկախացման պայքարը սկիզբ է առել 1988-ին Ղարաբաղյան շարժումով, որը պահանջում էր դուրս բերել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական Խորհրդային Հարապետության կազմից և միացնել Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը:
Այս պահանջները հանգեցրին Խորհրդային Ադրբեջանում և Հայաստանում միջէթնիկ բռնությունների և սպանությունների, որոնք այնուհետև վերաճեցին լիամասշտաբ պատերազմի: 1994-ին Հայաստանը, Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը ստորագրեցին զինադադար, սակայն խաղաղության պայմանագիրը կնքված չէ մինչ այսօր: Ավելին, Հայաստանի և Ադրբեջանի միջև փակ սահմանների տարիները մեկուսացման ու փոխադարձ անվստայության աճի տարիներ էին երկու երկրների բնակչությունների համար: Այս իրադրությունը շատերի կողմից բնութագրվում է իբրև «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն»:

Շուշիի բնակիչը ցույց է տալիս Ղարաբաղյան պատերազմում (1991-1994) սպանված ընտանիքի անդամի լուսանկարը: Լուսանկարը՝ Մարկո Ֆիբերի / Flickr. Որոշ իրավունքներ պաշտպանված են:
Անկախացումից քսանհինգ, իսկ զինադադարից քսաներկու տարի անց նոր պատերազմի սպասումը Հայաստանում դարձել է առօրեական խոսակցության մաս ինչպես տներում, այնպես էլ հանրային կյանքում: Այստեղ պատերազմի և ազգային անվտանգության մտահոգությունները հայ հանրությանը մղում են դեպի «ազգային միասնություն» դիսկուրսը, որը բաղկացած է երկու առանձին, թեև փոխկապակցված, «վերնախավային» և «դիմադրական» ձևերից: Մինչ «վերնախավային» ձևը ձգտում է ակտիվ սուբյեկտներին հեռու պահել քաղաքականացումից՝ խթանելով ներկայացուցչական, խորհրդանշական կամ արարողակարգային գործողությունները, «դիմադրական» տարբերակը փորձում է գործորդություն (agency) ձևավորել և սուբյեկտներին մղել քաղաքական գործողության:
Կարող ենք տեսնել, թե այս դիսկուրսն ինչպես զարգացավ 2016-ի ապրիլի թեժացման շուրջ հանրային բանավեճերում և քննարկումներում, ինչպես նաև 2016-ի հուլիսին Սասնա Ծռերի պաշարումից հետո, երբ ազգայնական այս խումբը Երևանում ոստիկանական գունդ գրոհեց և պատանդներ վերցրեց՝ դեմ դուրս գալով Ղարաբաղի հարցում կառավարության «պարտվողական» դիրքորոշմանը:
«Ազգային միասնության» պարադոքսը
Ցանկացած ճգնաժամային կամ կոնֆլիկտային իրավիճակում իշխողները ձգտում են վերահսկել հասարակության ակտիվ խմբերի գործողություններն ու նախաձեռնությունները, որպեսզի կառավարեն և ուղղորդեն նրանց գործողությունները դեպի կայունամետ և հնազանդ «միասնություն»: Այդ ուղղորդումը սահմանափակում է իրադարձությունների և գործընթացների վերաբերյալ այլընտրանքային կարծիքների ու մեկնաբանությունների արտահայտման հնարավորությունները: Հենց դա էլ տեղի ունեցավ ապրիլյան կոնֆլիկտի ժամանակ և դրանից հետո:
2016-ի ապրիլյան թշնամանքի աճին համընթաց Հայաստանի կառավարությունը հաջողացրեց առաջ տանել պատերազմի՝ «բնական» լինելու ուզերձը և հաստատել Ադրբեջանի՝ հավերժական թշնամի լինելու գաղափարը: Ընդդեմ թշնամու «ազգային միասնության» ողջախոհությունը Հայաստանի մի շարք քաղաքացիական ու քաղաքական ակտիվիստների և ընդդիմադիր խմբերի դրդեց բառացիորեն ու խորհրդանշորեն կամավոր զինվորագրվել բանակին:
Նրանք դա արեցին՝ ցույց տալով բանակին միանալու իրենց պատրաստակամությունը ֆեյսբուքյան գրառումներում, իրենց գլխավոր լուսանկարները փոխելով զինվորական հագուստով նկարներով և միանալով «ագային միասնության» այլ նախաձեռնությունների: Այս խմբերն այսպիսով աջակցեցին երկրի էթնո-ազգայնական անվտանգայնացման քաղաքականության (վերա)հաստատմանը և այդպիսով լեգիտիմացրին իշխող վերնախավն ու գոյություն ունեցող իշխանական կառուցվածքները:
Հայաստանի իշխանությունները լրագրողների հանդեպ սահմանափակումներ, որպես այդպիսիք, պաշտոնապես չկիրառեցին, սակայն «բնականոն» ինքնագրաքննությունը ԶԼՄ-ներում 2016-ի ապրիլին ևս լայնորեն տարածված էր:
Այդ ժամանակ բազում քաղաքացիական և քաղաքական նախաձեռնություններ, որոնք այլ հարցերում իշխանությանն ընդդիմադիր դիրքորոշումներ ունեն, արագորեն տեղավորվեցին Հայաստանի իշխող վերնախավի հեգեմոնիկ գաղափարախոսության մեջ։ Այդպիսով, եթե անգամ առանց դիտավորության, միևնույն է, նրանք լեգիտիմացրին ռեժիմի կողմից արտոնված գործողությունները: Դրանց թվում էին մի շարք անհատների, քաղաքացիական հասարակության խմբերի և մեդիայի (ներառյալ՝ անկախ լրատվամիջոցների) կողմից իրականացվող քննադատության լռեցումն ու ինքնագրաքննությանը (նաև ինքնասահմանափակումը): Նման մոտեցումը նպաստեց պետական ինստիտուտներից հաշվետվողականություն պահանջելու կանխմանը կամ հետաձգմանը: Իրերի դրությունը խնդրականացվեց միայն սակավ դեպքերում՝ փոքր, մարգինալ ձախական խմբերի կողմից: Ինքնասահմանափակումը թվում էր արտոնված, խրախուսված և հասկանալի ոչ միայն ինքնաարտահայտման, այլև տեղեկատվական աղբյուրների հասանելիության առումով:
Օրինակ, հակամարտության ընթացքում և դրանից հետո հնչող՝ միայն պաշտոնական նորություններ կարդալու լայնատարած կոչերից բացի, մարդիկ սկսեցին կամավոր կերպով օգտագործել FakeKiller կոչվող հավելվածը: Վերջինս արգելափակում է ադրբեջանական կամ կասկածելի կայքերն ու գրառումները ֆեյսբուքյան օգտատերի լրահոսից: Ինչպես հեղինակները (ՏՏ ակտիվիստ, Mediamax.am առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիրը և կիբեր-անվտանգության հայտնի ակտիվիստ) բացահայտորեն նշում են, հավելվածը հատուկ պատրաստվել էր պատերազմի ընթացքում օգտատերերին այսպես կոչված «կեղծ տեղեկատվությունից» (այդ թվում՝ հայալեզու ադրբեջանական կայքերից) պաշտպանելու նպատակով:

FakeKiller հավելվածի պատկերը, որը ցույց է տալիս, թե արգելափակված կայքն անվստահելի է:
Այս հավելվածի առավել խոր տրամաբանությունը աղբյուրների մուտքի կառավարումն է ու հնազանդության արտադրությունը, որի անքննադատ ընդունումն ու կիրառումն արդեն ցույց է տալիս «ազգային միասնություն» դիսկուրսի համատարած ընդունումը առնվազն հավելվածն օգտագործողների շրջանում: FakeKiller-ով տեղեկատվության օգտագործման պատասխանատվությունը փոխանցվում է քաղաքացուն, ով, ակնկալվում է, որ կօգտագործի «վստահելի» աղբյուրներ: Այդուհանդերձ, մարդկանց բոլորովին չի տրվում տեղեկատվությունը վերլուծելու և սեփական որոշումներ կայացնելու գործորդություն. նրանցից ակնկալվում է «կեղծ» աղբյուրներ արգելափակելը:
Հայաստանի իշխանությունները լրագրողների հանդեպ սահմանափակումներ, որպես այդպիսիք, պաշտոնապես չկիրառեցին, սակայն «բնականոն» ինքնագրաքննությունը ԶԼՄ-ներում 2016-ի ապրիլին ևս լայնորեն տարածված էր: Դա կիրառվում էր նույնիսկ այն անձանց կողմից, ովքեր իրենց համարում են ընդդիմադիր կամ անկախ լրագրողներ: Բազմաթիվ լրագրողներ իրենց հարցազրույցներում կամ հոդվածներում հանրային կերպով խոստովանել են, որ ստիպված են եղել արգելափակել կամ «դոզավորել» սահմանի իրական դրության մասին տեղեկատվությունը կամ սպանված ու վիրավոր զինվորների իրական թվերը, օգտագործել Photoshop ծրագիրը՝ փոփոխելու կոնֆլիկտի գոտու լուսանկարները, կամ «ընտրություն կատարել լրագրող կամ քաղաքացի լինելու միջև»:
Չնայած ապրիլյան թեժացումից հետո քննադատությունների հանրային հնչեղացմանը՝ հարցերի ու հաշվետվողականության փնտրտուքը չեզոքացվեց բազմաթիվ խորհրդանշական և կրոնական գործողություններով։
Հետաքրքիր է, որ 2016-ի ապրիլից միայն մեկ արձանագրված դեպք կա այն մասին, որ Հայաստանի իշխանությունները սպառնացել և պատժել են անկախ լրատվամիջոց ePress.am-ի խմբագրին հստակ հակապատերազմական տեսակետներ հրապարակելու համար: Լրագրողների մեծամասնությունն ընդունել էր, որ պետք է պաշտպաներ «ազգային անվտանգությունը», և անքննադատ էր մնացել պաշտոնական տեղեկատվության հանդեպ: Այս կերպ, սակայն, այդ լրագրողները պատսպարեցին կառավարությանն ու պետական գործիչներին հաշվետվողականության ու ամենաթեժ պահին հարցերին պատասխան տալու բեռից՝ պաշտպանելով նրանց հրաժարականի պահանջներից.
Իմացեք ձեր տեղը
Չնայած ապրիլյան թեժացումից հետո քննադատությունների հանրային հնչեղացմանը՝ հարցերի ու հաշվետվողականության փնտրտուքը չեզոքացվեց բազմաթիվ խորհրդանշական և կրոնական գործողություններով (աղոթքներ, մաղթանքներ, ֆեյսբուքյան բացիկներ, սիմվոլիկ նկարներ, այդ թվում՝ զինվորական համազգեստով, երեխաների, կանանց և տղամարդկանց նկարներ): Այս գործողությունների շարքում կարելի էր նաև ականատես լինել կենդանի կամ սպանված զինվորների փառաբանմանը՝ առանց առաջին հերթին հարցադրելու, թե ինչո՞ւ նրանք մահացան, ի՞նչ պայմաններում, ո՞ւմ անգործության կամ հրամանների արդյունքում, ի՞նչ տեսակի քաղաքականությունների (կամ դրանց պակասի) համալիրի պայմաններում, հենց որի հետևանքն էր կոնֆլիկտի թեժացումը:
Բարեգործական նվիրատվությունների հավաքագրումը այդ խորհրդանշական գործողությունների նշանակալի շարքից էր: Առաջին հայացքից այն բավական գործնական էր թվում: Սակայն այդ նախաձեռնությունները նվիրատվությունների առկա կարիքն ընդունում էին որպես ելման կետ, իսկ դրա պատճառների մասին ցանկացած խոսակցություն համարում անկարևոր կամ ոչ տեղին: Նվիրատվական գործողությունների աջակիցները նորից ապավինում էին «ազգային միասնություն» ողջախոհությանը՝ պնդելով սահմաններն ու տարածքները պաշտպանելու կարևորությունը: Վերջիններս այդպիսով մերժում էին նրանց, ովքեր բարձրացնում էին հարցեր, թե իրականում ինչպե՞ս են այդ տարածքները տնօրինվում, ո՞վ է օգուտ ստանում այդ տարածքից կամ բնական ռեսուրսներից, ո՞վ է շահում առկա քաղաքական իրավիճակից և այլն։

Ֆեյսբուքյան գրառում, որը ցույց է տալիս բարեգործական նվիրատվություններ հավաքող մարդկանց:
Սննդի բարեգործական այս հավաքագրումները, ինչպես նաև բանակին նյութատեխնիկական միջոցներով օժանդակող որոշ նախաձեռնություններ այնուհետև անհամարժեք և անպիտան գնահատվեցին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից, որոնք հայկական սփյուռքին, ինչպես նաև հայաստանցիներին խրախուսեցին չհամակարգված կերպով նվիրատվություններ հավաքելու փոխարեն նվիրատվություններ կատարել իրենց կողմից ստեղծված բանկային հաշվին: Սա ինքնաբուխ քաղաքացիական մոբիլիզացիան (թեկուզ այսքան խնդրահարույց) կոոպտացնելու (յուրացնելու) մեկ այլ ջանք էր: Տարօրինակորեն, փորձառու ընդդիմադիր քաղաքական առաջնորդներից մեկն իր հերթին աջակցեց Լեռնային Ղարաբաղի իշխանությունների այս նախաձեռնությանը:
«Ազգային միասնության» այս տիրապետող տրամաբանության մեջ «ազգի» բոլոր խմբերն անհրաժեշտաբար պետք է իրենց նախասահմանված և անխախտ դիրքերը բռնեն: Ընդդիմադիր կուսակցությունների ենթադրվող տեղը ընդդիմությունն է: Քաղաքացու տեղը տանն է (և ոչ ակտիվիզմում կամ քաղաքականությունում), մինչդեռ նրա դրամապանակն ու մարմինը պետք է մշտապես պատրաստ լինեն «ազգի» ու նրա սահմանների պաշտպանությանը: Օրինակ, ապրիլի 22-ին՝ կոնֆլիկտից երկու շաբաթ անց, «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը կազմակերպեց երթ դեպի նախագահական նստավայր՝ պահանջելու մի շարք պաշտոնյաների հրաժարականը՝ որպես բացահայտված պետական կոռուպցիայի, թույլ ռազմական հագեցվածության, վիրավոր զինվորներին և զոհվածների ընտանիքներին անհամարժեք օգնության ու ձախողված արտաքին քաղաքականության հետևանք: Երբ դիտում ես, թե ոստիկանությունն ինչպես է կանգնեցնում ցուցարարներին, կարող ես տեսնել, թե ինչպես է ոստիկանը նրանց բառացիորեն հորդորում տուն գնալ բերման չենթարկվելու համար:
Նմանապես, իշխանություններին քննադատող լրագրությունն ընկալվում է որպես կնոջ համար չնախատեսված «տեղ»: Երբ կին լրագրողը ոստիկանության անտեսանելի բարեփոխումների անարդյունավետության և պետական ռեսուրսների անհարկի օգտագործման մասին հարց է տալիս ոստիկանապետին, վերջինս վիրավորում է լրագրողին նման հարցեր տալու պատճառով ՝ բացականչելով, թե ինքն էլ նրա մեջ «կին չի տեսնում»: Սրանք Հայաստանի հայրիշխան պահպանողական իշխանության սկզբունքներն են, որոնք սահմանում են յուրաքանչյուրի տեղն ու չափը՝ նրանց տրված դիրքին համապատասխան, ակնկալում են հնազանդություն և «միասնության» կոչերով լռեցնում դիմադրական գործողությունները:
Մինչ հայրենասիրությունն ու միասնությունն անհրաժեշտ են ճնշվածներին կառավարելու համար, դրանք նաև ճնշողների դեմ ելնելու նախապայմաններ են ենթակաների համար:
Վերնախավային ազգային միասնության դիսկուրսը ոչ միայն ակնկալում է սոցիալական սուբյեկտների հնազանդությունը, բայց նաև ջանում է կարգապահեցնել, լռեցնել և կոոպտացնել ցանկացած դիմադրական, անհնազանդ դիսկուրս: Մինչ հայրենասիրությունն ու միասնությունն անհրաժեշտ են ճնշվածին կառավարելու համար, դրանք նաև ճնշողների դեմ ելնելու նախապայմաններ են ենթակաների համար: Հայաստանի իշխանություններին շահեկան «ազգային միասնության» երազանքը, սակայն, վերնախավերի համար կարող է նաև վտանգավոր դառնալ այն դեպքում, երբ հենց իրենք են սկսում դիտվել որպես «միասնության» «իրական» խոչընդոտ:
Այս համատեքստում է, որ Սասնա Ծռերի 2016-ի հուլիսի գործողությունները հնարավոր դարձան և աջակցություն ստացան: Երբ ազգայնական զինյալ խումբը Երևանում ոստիկանական գունդ գրոհեց՝ վերածելով երկշաբաթյա պաշարման և առաջացնելով փողոցային ցույցեր, հայրենասիրական խմբերը, ինչպես նաև անհատներն ու «ազգային միասնությանն» իրապես հավատացողները Սասնա Ծռերի իրադրությունը դիտարկեցին որպես իշխող վերնախավի՝ «միասնության» և անվտանգության գործնական ձախողման օրինակ: Իշխող վերնախավն այսպիսով դարձավ իր իսկ «ազգային միասնության» թակարդի զոհն այն բանից հետո, երբ ուշ ապրիլին բացահայտվեցին Հայաստանի իրական կորուստները:
Մոբիլիզացիայի ներուժը
Ոչ միայն «ազգային միասնության» դիսկուրսը, բայց նաև դրանից բխող մոբիլիզացիան է (ինչպես օրինակ կամավորական գործողությունները կամ բարեգործական ֆինանսական միջոցների հայթայթման միջոցառումները), որ ենթակայությունը հարցադրելու ներուժ ունի:
Հայկական բանակի համար սնունդ և բժշկական պարագաներ հավաքող որոշակի քաղաքացիական խմբերի ակտիվիզմը դարձավ պետական ինստիտուտների ոչ կոմպետենտության և անգործության ցայտուն օրինակ: 2016 թվականի ապրիլյան ամենաթեժ պահից հետո կամավորական գործողությունները լեգիտիմ համատեքստ բացեցին՝ քննադատելու Հայաստանի պետական գործիչների կոռուպցիան, այն, թե ինչպես նրանք ձախողեցին իրենց պարտականություններն ու պատասխանատվությունները (ներառյալ պլանավորման ու նախապատրաստման պակասը), և արտաքին քաղաքականության ու պետական կայունության հարցերում նրանց բացթողումները:
Այդուհանդերձ, Հայաստանի ընդդիմությանը չհաջողվեց բավարար չափով օգտվել այս հնարավորությունից, հենց այն պատճառով, որ նրանք մնացին «ազգային միասնության» շրջանակի սահմանագծում: Նույնիսկ անկախ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը (ով հայտնի է Բաքվի հետ խաղաղ կարգավորում գտնելու իր ոչ ամբոխավարական փորձերով) հանրային կերպով աջակցեց նախագահ Սերժ Սարգսյանին: Տեր-Պետրոսյանը պնդեց, որ արտաքին թշնամու վտանգի առաջ երկրի ներքին հակասությունները պետք է մի կողմ դրվեն՝ հանուն «ազգային միասնության»՝ միաժամանակ ռեժիմին հորդորելով հոգալ մարդկանց կարիքները:

Ֆեյսբուքյան գրառում. «Համախմբվենք առանց ՀՀԿ», ապրիլ 2016
Այստեղ մենք կարող ենք տեսնել «ազգային միասնության» սահմանափակող և արատավոր տրամաբանությունը, բայց նաև դիմադրական ներուժը: Այս դիսկուրսն անհրաժեշտաբար բացում է բանավեճ այն մասին, թե ինչպես է սահմանվում «ազգը»: Եթե վերնախավի համար ազգը փաստացի իրենք են, ապա դիմադրական «միասնությունը» վիճարկում է այդ սահմանումը: Վերջինս իր հերթին վերնախավին առաջարկում է միավորվել «ժողովուրդ-ազգ»-ին: Այս բանավեճն ավելի շատ տանում է ազգային ինքնության քաղաքականությունների ձևավորմանը, քան սոցիալ-տնտեսական քաղաքականությունների և հօգուտ ղարաբաղյան հարցի խաղաղ լուծման զիջումների շուրջ մտորումների ու գործողությունների:
Հայաստանում քաղաքական կյանքը գլխավորապես ընկած է «ազգային միասնություն» պաթոսի թակարդում, որը խոչընդոտում է վերանայել Հայաստանի ու տարածաշրջանի զարգացման համար ամենակարևոր հարցերից մեկը՝ Ղարաբաղում խաղաղության հաստատումը:
Հայաստանում ազգային միասնության շուրջ քաղաքական շահարկումը հաղթահարելու միակ հնարավորությունը այնպիսի քաղաքականության մեջ է, որը հաշվի կառնի սոցիալական խմբերի ու խավերի շահերը։
Անգամ 2016-ի ապրիլին կոնֆլիկտի թեժացումից և Սասնա Ծռերի պաշարումից հետո փոխված կառավարությունում Ղարաբաղյան հարցի շուրջ քաղաքական շահարկումները դեռևս շարունակվում են: Օրինակ, ՀՀ նոր կառավարությունը կազմակերպեց ամսական եկամուտներից նոր պարտադիր վճարման ընդունում (1000 դրամ՝ մոտ 2 ԱՄՆ դոլլար)՝ փոխհատուցում տրամադրելու սահմանը պաշտպանելիս վիրավորված կամ սպանված զինվորների ընտանիքներին: Այս քաղաքականությունը քննադատվեց հանրային շրջանակներում, սակայն ընդունվեց Հայաստանի Ազգային ժողովի կողմից՝ մի շարք ընդդիմադիր կուսակցությունների աջակցությունը ստանալով հանդերձ:
Շատերը դեմ էին այդ այսպես կոչված «փոխհատուցման հարկին»` վստահության համընդհանուր պակասի պատճառով դեպի մի կառավարություն, որը դիտվում է որպես կոռումպացված և «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ստատուս-քվոյի համար գործուն լուծում չունեցող: Եզակի կողմերը, որոնք բացահայտ կերպով դիմադրեցին այս քաղաքականությանը և այսպիսով քողազերծեցին կառավարության «հավերժական պատերազմի» տրամաբանությունը, ձախական ակտիվիստների փոքրիկ խմբավորումներն էին և Լևոն Տեր-Պետրոսյանն էր՝ իր կենտրոնամետ-աջական Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամների հետ:
Հայաստանում ազգային միասնության շուրջ քաղաքական շահարկումը հաղթահարելու միակ հնարավորությունն այնպիսի քաղաքականության մեջ է, որը հաշվի կառնի սոցիալական խմբերի ու խավերի շահերը, տնտեսական հիմքերը և պետական քաղաքականությունների հետևանքները: Հայաստանի հանրությունը կարիք ունի ընդունելու, որ Ղարաբաղի շուրջ «հավերժական պատերազմը» կոռուպցիայի, ռեժիմի կայունության և այսպիսով երկրի քաղաքական ու տնտեսական վատթարացման իրական աղբյուրն է:
Արդյո՞ք ռեժիմի փոփոխության համար պայքարող քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներն ունակ կլինեն վերանայելու իրենց իսկ մոտեցումները դեպի այս ողջախոհ համարվող կոնցեպտներն ու վերաբերմունքները: Արդյո՞ք նրանք ունակ կլինեն հարցադրելու հայրիշխանական կառուցվածքների «բնական» իշխանությունը և թշնամական հարաբերությունների բնականեցումը: Թե՞ նրանք կմնան «ազգային միասնության» թակարդի մեջ՝ փորձելով փոխել կոնկրետ մեկ իշխանավորի կամ ռեժիմի՝ իշխանական կառուցվածքը հիմնովին փոխակերպելու փոխարեն: Ժամանակը ցույց կտա։
Այս հոդվածը հիմնված է իմ հետազոտության վրա, որը կենտրոնանում է ճանաչված և սկսնակ քաղաքացիական նախաձեռնությունների, ակտիվիստական խմբերի, «ֆեյսբուքյան ակտիվիստների», քաղաքական մեկնաբանների ու փորձագետների և անկախ ու ընդդիմադիր լրատվամիջոցների դիսկուրսների և պրակտիկաների վրա: Հետազոտությունն իրականացրել եմ «Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի» աջակցությամբ, ինչը հնարավորություն տվեց մասնակցել գիտական միջոցառումների, գնել գրականություն և ունենալ գիտական խորհդատուներ, ինչի համար շնորհակալ եմ ՊՔՀԿ-ին, իմ մենթոր դոկտոր Միլան Հրուբեշին և միջազգային խորհրդատու դոկտոր Արմինե Իշխանյանին:
Թարգմանությունը՝ Աննա Նիկողոսյանի.
Read more
Get our weekly email
Comments
We encourage anyone to comment, please consult the oD commenting guidelines if you have any questions.