
Ցուցարարներ Հայաստանի մայրաքաղաքում 2015 թ.-ի Էլեկտրիկ Երևանի ցույցերի ժամանակ: (c)ԿիրիլԿալինկով / visual RIAN: Բոլոր իրավունքները պաշտպանված են:Երևանյան սովորական երեկո է: Մի տղամարդ տաքսի ծառայության մեքենայի մեջ Բաղրամյան պողոտայով իջնում է դեպի քաղաքի կենտրոն: Փողոցն անսպասելիորեն փակվում է ցուցարարների կողմից: Ակտիվիստների շարքում բարձրախոսով մի կին է, ով առանց կանգ առնելու թվարկում է խմբի պահանջները: «Սրանք բան չունեն անելու, դրա համար էլ ցույց են անում»,- ասում է վարորդը: «Հըլը այս կնոջը նայիր, տուն-տեղ, երեխա չունի հաստատ»: Ուղևորն ի պատասխան ժպտում է և ասում. «Տուն էլ ունի, երեք երեխա էլ ունի, նույնիսկ ամուսին ունի. ես եմ»:
Ֆեմինիստ ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանի կյանքից այս հակիրճ պատմությունն արտացոլում է քաղաքացիական ցույցերի և հատկապես կանանց ակտիվիզմի հանդեպ ոչ միանշանակ հանրային ընկալումները: «Շատ բարդ է կին ակտիվիստ լինել Հայաստանում: Մի հասարակությունում, որտեղ կանանցից ակնկալվում է տանը մնալ և զբաղվել տնային տնտեսությամբ, անսովոր է տեսնել կնոջ, ով դուրս է գալիս կապանքներից, փողոց է գրավում ու պայքարում որոշ հարցերի համար», պատմում է ինձ Զարուհին:
Հայաստանում հանրային տարածքը համարվում է «կանանց համար վտանգավոր»: ՀՀ ոստիկանությունը նույնիսկ պաշտոնական հայտարարություն ունի «կանացի անվտանգության» վերաբերյալ, որը խորհուրդ է տալիս կանանց, թե ինչ է պետք անել փողոցում հարձակումից խուսափելու համար: «Գիշերային ժամերին ինչ-որ տեղ ուղևորվելիս խնդրեք, որ հնարավորության դեպքում ձեզ ուղեկցեն», «աշխատեք այնպիսի հագուստ կրել, որը չի գայթակղի հնարավոր մոլագարներին», «աշխատեք ձեռքերը չծանրաբեռնել պայուսակներով», սրանք ոստիկանության կողմից մի քանի օգտակար խորհուրդներ են, որոնք ակնհայտորեն արդարացնում են կանանց նկատմամբ բռնությունն իրենց արտաքինի կամ պահվածքի հիման վրա՝ փոխարենը ապահովելու, որպեսզի հանրային տարածքներն անվտանգ լինեն բոլորի համար: