
Նիկոլ Փաշինյանը, որ Հայատանի վարչապետը դարձավ ցույցերի և անհնազանդությունների միջոցով իշխանափոխությունից հետո 2018 թվականի մայիսին։ Լուսանկարը` Յաղոբզադեհ Ռաֆայելի/ ABACA/ PA Images. Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Ապրիլին Հայաստանում ժողովրդական շարժումը տապալեց գործող կառավարությանը։ Մի քանի շաբաթ տևած քաղաքացիական անհնազանդությունը և գործադուլ/դասադուլներն այնպես էին պարալիզացրել երկիրը, որ Սերժ Սարգսյանին չէր մնացել այլ ելք, քան հրաժարական տալ։ Թավշյա հեղափոխություն անվանումը ստացած շորժումը միայն կառավարության փոփոխություն չէր. այն նաև մշակութային փոխակերպում էր, որն ընթանում է մինչ այս պահը։ Մոտ երկու տասնամյակ շարունակ իշխանությունը յուրացրած Հանրապետական կուսակցության տապալումը (ինչը երկար ժամանակ անհնար էր թվում) հույս ներշնչեց հայաստանցիներին, որ այլ քաղաքական ձգտումների նույնպես հնարավոր է հասնել։ Հայաստանի հետհեղափոխական կառավարությունը հուսախաբության շատ տեղիք չի տալիս։ Ընդդիմադիր լրագրող և քաղաքական գործիչ, հեղափոխության առաջնորդը համարվող Նիկոլ Փաշինյանի կառավարությունը իրեն դիրքավորել է որպես հետ֊գաղափարական, ոչ ավել ոչ պակաս` քան հենց «ժողովրդի»
ներկայացուցիչ, թեև ներկայացուցչությունից մինչև կառավարություն ընկած տարածությունում շոշափելի քաղաքական ծրագրեր առանձնապես չկան: Եվ այս անհստակությունը՝ զուգակցված հետհեղափոխական էյֆորայի հետ, կառավարությանը և ժողովրդի լեզվով ասած` Նիկոլին վերածել է դատարկ էկրանի, որի վրա անդրադարձվում են հասարակության տարատեսակ հույսերը։ Իրականում այդ հույսերը բազմատեսակ են, երբեմն` իրարամերժ և հաճախ` ծանրացած մարտահրավերներ հին կարգին, որոնք հեշտ չէ իրագործել:
Առողջարանային Ջերմուկ քաղաքում այս զգացմունքները ճանապարհ են բացել հետհեղափոխական առաջին ճգնաժամի համար, որտեղ տեղի բնակիչները ոտքի են կանգնել ընդդեմ միջազգային մի ընկերության ու Հայաստանում հանքարդյունաբերության երկարակյաց ու կոռումպացված ժառանգությանը:
«Եթե մենք բողոքի ցույցեր անցկացնեինք Սերժ Սարգսյանի օրոք, մեզ տեղում կձերբակալեին: Հիմա մենք՝ հայերս, հաղթահարել ենք վախը, ստեղծել ենք ժողովրդավարական կառավարություն։ Հիմա մենք ի վիճակի ենք պաշտպանել մեր իրավունքները, այս դեպքում՝ առողջ միջավայրում ապրելու մեր իրավունքը»,֊ ասում է Ջերմուկի բնակիչներից մեկը:
Խորհրդային օազիզ
Ջերմուկը Երևանից 170 կմ հարավ-արևելքում է, հիմնադրվել է 1951 թվականին թերմալ աղբյուրների շուրջ։ Խորհրդային տարիներին Միության տարբեր ծայրերից հազարավոր այցելուներ էին գալիս Ջերմուկ՝ հանգստանալու և բուժվելու։
Ինչպես Հայաստանի այլ քաղաքներ, Խորհրդային Միության անկումից հետո Ջերմուկը ևս սկսեց հետընթաց ապրել։ Արագընթաց աղքատացումը, փակ սահմանները, Ադրբեջանի հետ պատերազմը ուժեղ հարված էին տուրիզմին.: Ու թեև փակվեց օդանավակայանը, լավագույն առողջարանները դատարկված էին, ամեն ինչ չէ, որ կորսված էր. Ջերմուկը երբեք առանց այցելուի չի եղել:

Ջերմուկ քաղաքը։ Լուսանկարը՝ Րաֆֆի Յուեդյանի/ Flickr.Որոշ իրավունքներ պաշտպանված են: 2000-ականներին քաղաքը մասամբ վերածնվեց, երբ բացվեցին նոր հյուրանոցներ, արտասահմանցի զբոսաշրջիկներ սկսեցին գալ (հիմնականում սփյուռքահայեր և ռուսներ): Չնայած աղքատության ու գործազրկության թողած սպիերին, Ջերմուկը շարունակում է մնալ Հայաստանի տուրիստական գոհարներից մեկը։
Հեղափոխությունից անմիջապես հետո քաղաքը ոտքի ելավ մոտակայքում ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի դեմ։ Թեև այդ ընկերության դեմ տեղացիները պայքարել են տարիներ շարունակ, սակայն բախումը հանքը շահագործելու մտադրություն ունեցող ընկերության հետ երբեք այսքան սուր չէր եղել։ Հեղափոխությունը կարծես փոխել է ուժերի հարաբերակցությունը։
Պահակակետ Ամուլսարում։ Լուսանկարը՝ Քնար Խուդոյանի Քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ամուլսարի հանքավայրը, պատկանում է մեծբրիտանական Լիդիան Ինթերնեշընլ ընկերությանը։ Երբ հեղափոխությունը նոր էր սկսվում, հանքավայրում շինարարությունը մոտենում էր ավարտին։ Հիմա հանքում շինարարական աշխատանքների աղմուկը լռել է. հանքավայրի չորս մուտքերը փակել են օր ու գիշեր հսկող ցուցարարները։ Ընկերության և ցուցարարների միջև մոլեգնում է մեդիա պատերազմ, որի հետնաբեմում հետհեղափոխական Հայաստանի կառավարության առաջին լուրջ ճգնաժամն է։
Ընկերության մուտքը քաղաք
Լիդիան Ինթերնեշընըլը հիմնադրվել է 2007 թվականին Մեծ Բրիտանիայի Ջերսի կղզում, որը հայտնի է որպես օֆշորային «հարկային դրախտ»: Նույն տարում ընկերությունն սկսել է երկրաբանահետախուզական աշխատանքներ Ամուլսարում, ինչը ներկա պահին ընկերության միակ ընթացքի մեջ գտնվող ծրագիրն է։
Ընկերությունը թույլտվություններ ստանալու փուլային գործընթացներ է անցել, մի քանի անգամ ներկայացրել է բնապահպանական անվտանգության և սոցիալական ազդեցության գնահատումներ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական` ՇՄԱԳ կամ ԲՍԱԳ) և հանքարդյունահանման վերջին թույլտվությունը ստացել է 2016 թվականին, այնուհետև ակտիվորեն սկսել շինարարական աշխատանքը։ Այդուհանդերձ, հանքի դեմ արտահայտվել են նույնիսկ մինչև շինարարության սկսվելը: Առաջին մեծ դժգոհությունները եղել են Գնդեվազ գյուղում, որ գտնվում է Ջերմուկից մի քանի կիլոմետր դեպի հարավ։ Գյուղացիներից շատերի ծիրանի այգիների տարածքում ընկերությունը նախատեսում էր կառուցել հանքի տարրալվացման հարթակը, որտեղ պետք է ցիանիդի միջոցով ոսկին զատվի հանքային ապարներից։ Երբ ընկերությունն իր ՇՄԱԳ-ի համար 2016 թվականին ստացավ դրական եզրակացություն, Հայաստանի իշխանությունները փոխեցին այդ տարածքի հողերի նշանակությունը գյուղատնտեսականից արդյունաբերականի, որպեսզի այն գործածվի ցիանային հարթակի համար։ Գյուղացիները պատմում են, որ ընկերությունն իրենց վրա ճնշումներ է գործադրել, որ իրենք վաճառեն այգիները։

Գնդեվազ գյուղը, Վայոց Ձոր։ Լուսանկարը՝ Պյոտր Լյախովի Գնդեվազի բնակիչ և այգեգործ Սամվել Պողոսյանը պատմում է, որ իրենց ընտրության հնարավորություն չէր մնում։ «Իրենք իրոք բավականին լավ գներ էին առաջարկում։ Բայց պայմանագրին կից մի գրություն կար, որտեղ գրված էր, որ « հողը մեզ վաճառելուց հրաժարվելու դեպքում, այն կճանաչվի գերակա շահ», դա գրավորն էր, բանավոր էլ ասում էին՝ ջրի գնով կառնենք»։ Հայաստանում գերակա շահի ներքո շատերն են վտարվել իրենց տներից կամ զրկվել գույքից, հիշենք օրինակ` հենց Երևանի կենտրոնում Հյուսիսային պողոտայի պատմությունը, որ «հանրային գերակա շահ» անվան տակ բնակիչներին փողոց հանեցին, էնպես որ էդ հավելվածում գրվածին մենք իսկապես հավատում էինք, որ մեզ կարող է սպառնալ», - պատմում է Պողոսյանը։
Իրականում ստացվել էր այնպես, որ գյուղացիներին տրվել էր ընտրություն հողը վաճառելու և պետության կողմից հողը հարկադրաբար (հանուն Լիդիանի) օտարելու միջև` «հանրային շահ» անվան տակ: Ծիրանենիների ձեռքբերման գները սահմանվում էին ըստ ծառերի տարիքի։ Վերջում ստացվեց այնպես, որ Լիդիանի հետ գործարքներից ամենաշատն օգտվեցին գյուղի ամենահարուստ և կայացած բնակիչները։
Դժգոգությունները Գնդեվազում միայն սկիզբն էին։ Բնապահպանական կազմակերպությունները սկսեցին տեղեկություններ հրապարակել հանքի բնապահպանական ռիսկերի մասին, և համայնքների այն բնակիչները, որոնք մինչ այդ չեզոք դիրք ունեին կամ դրական էին տրամադրված, սկսեցին անհանգստանալ հետագայում իրենց առողջության ու կենսապայմանների համար։
Տեղեկատվական պատերազմ
Թեև ներկա պահին ընթացող ուժեղ դիմադրությունը թույլ է տալիս մտածել, որ Լիդիան Ինթերնեշընըլը միշտ էլ չսիրված է եղել Ջերմուկում, Գնդեվազում և Կեչուտում (այս տարածքում գտնվող մեկ այլ գյուղ), սակայն դա այնքան էլ այդպես չէ. ընկերությունը սկզբի տարիներին ջերմ ընդունելության է արժանացել։
Ահարոն Արսենյանը, ով հիմա բողոքի ցույցի առաջնորդներից է, հիշում է, որ շատ էր ուրախացել, երբ իմացել էր, որ հանք է բացվելու, որ կարող էր դիմել այնտեղ աշխատելու համար։ Աշխատատեղերի ստեղծումը Լիդիանի հասարակայնության հետ աշխատանքներում ամենաշատը թմբկահարվող արտահայտություններից էր, երբ ընկերությունը պնդում էր, որ ոչ միայն հանքի շահագործումը կլինի բնապահպանական տեսանկյունից ամբողջովին անվտանգ, որ «առանց պատշաճ մաքրման հանքից ոչ մի ջրային արտահոսք շրջակա միջավայր չի լինի», այլ նաև, որ հանքը կստեղծի աշխատատեղեր և զարգացում կապահովի շրջակա համայնքներին և ամբողջ Հայաստանին: Խոստումները շինարարության ընթացքում 1300 և հանքարդյունահանման ընթացքում` 770 աշխատողի, ինչպես նաև պետական բյուջե վճարվելիք շուրջ 488 միլիոն դոլարի չափով հարկերի և ռոյալթիների մասին էին։
Ամուլսարի հանքավայրը, Ջերմուկից։ Լուսանկարը՝ Քնար Խուդոյանի:Այս հռետորաբանությանը համահունչ էր Հայաստանում Բրիտանիայի և Միացյալ Նահանգների դեսպանությունների բարձր գովասանքը։ Օրինակ՝ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հետևյալ գնահատականն էր տվել 2015 թվականին Ամուլսար այցի ժամանակ․ «Ամուլսարի ծրագիրը մեր պետությունների և ժողովուրդների համագործակցության հիանալի օրինակ է»: Բայց ժամանակի ընթացքում հանքի գովաբանված պատկերը սկսեց խամրել, իսկ երբ շինարարությունը մեկնարկեց, տեղացիների և ընկերության հարաբերությունները սկսեցին սրվել։
2015 թվականին, երբ հանքի շինարարության մեկնարկը մոտենում էր, հայկական բնապահպանական ՀԿ-ները, այդ թվում ՀԲՃ-ն (Հայկական բնապահպանական ճակատ) և Էկոլուրը սկսեցին բազմաթիվ հոդվածներ և փաստաթղթեր հրապարակել՝ կտրականապես հերքելով Լիդիան Ինթերնեշընըլի լավատեսությունը։ Նրանք նշում էին, որ Ամուլսարի հանքը գտնվում է Հայաստանի ամենամեծ ու ռազմավարական ջրամբարներին շատ մոտ․ Կեչուտի ջրամբարը բացահանքից 4.5 կմ է հեռու, իսկ Սպանդարյան ջրամբարը՝ 6 կմ: Այս ջրամբարները միայն Վայոց Ձորի գյուղատնտեսությունը ոռոգելու համար չեն նախատեսված։ Կեչուտի ջրամբարը Որոտան-Արփա-Սևան թունելով կապվում է անմիջապես Սևանա լճին։ Հետևաբար, հանքից արտազատված ցանկացած թունավոր նյութ կվտանգի ոչ միայն հանքին անմիջապես շրջակա միջավայրը, այլև Հայաստանի ամենամեծ քաղցրահամ լիճը` երկրի ամենաբարձր արժեքն ունեցող հիդրոլոգիական ռեսուրսը։
Բացի բնապահպանական ռիսկերի տեղացիները սկսեցին հանքը դիտարկել որպես սպառնալիք իրենց նախկին կենսակերպին
Մտահոգությունները միայն ավելացան Ամուլսարում ռադոիաակտիվ նյութերի առկայության մասին չհաստատված, բայց ինքնին մտահոգիչ պնդումների պատճառով։ Դեռևս 2007 թվականին ռուսական գիտական ամսագրում հոդված էր հրապարակվել էր, համաձայն որի Ամուլսարում զգալի քանակությամբ ուրան կա։ Լիդիան Ինթերնեշընըլը և Հայաստանի նախորդ կառավարությունը հոդվածի պնդումը կասկածի տակ դրեցին՝ հղում անելով Լիդիանի ուսումնասիրություններին, ըստ որոնց ռադիոակտիվ նյութերի քանակը տարածքում աննշան է։ Բայց խնդիրը շարունակում է վիճելի մնալ ու կասկածներ հարուցել` պայմանավորված հոդվածի հեղինակի`․ Գ․Պ․ Ալոյանի անձի հետ, ով երկրաբան է, Ամուլսարում 1980 թվականներին երկրաբանական հետազոտություններ է արել և Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հայրն է։
Բացի բնապահպանական ռիսկերի տեղացիները սկսեցին հանքը դիտարկել որպես սպառնալիք իրենց նախկին կենսակերպին: Լիդիանը Ջերմուկ քաղաքը չէր ներառել իր նախնական ՇՄԱԳ-ներում և դա արեց միայն 2016 թվականին՝ընդունելով, որ բացի «աշխատատեղեր ստեղծելուց» հանքը այլ սոցիալական ազդեցություններ էլ է ունենալու։ Այսպես, Լիդիանը նշեց, որ հանքը անխուսափելիորեն կփոխի Ջերմուկի քաղաքի սոցիալական կառուցվածքը` առաջ բերելով փողի և տղամարդկանց ներհոսք, մարդկանց շարժունակություն և խառը հարաբերություններ (հայտնի որպես` չորս M-եր` money, men, mobility, mixing)։ Փող ունեցող ամուրի տղամարդկանց ներհոսքը և կուտակումը կարող է նպաստել սեռական շահագործման և հանքարդյունաբերական քաղաքներին բնորոշ այլ «բացասական երևույթների» աճին։ Սա բևեռորեն հակասում է Ջերմուկի` մինչ օրս ունեցած առողջարանային ու ընտանեկան տուրիստական մթնոլորտին։
Խոտանումներ պատումներում
Այս ամենով հանդերձ, տարիներն անցնում էին, շատ բան չէր փոխվում։ Հանքի դեմ տրամադրվածությունները թերևս մնում էին ընդհատակում: Հանքի անմիջական գոտուց դուրս Լիդիանի դիրքը մնում էր անսասան, իսկ հանքի շինարարությունը շարունակում էր ընթանալ ամբողջ հունով։ Այդուհանդերձ, Լիդիանի պատումներում սկսեցին տեսանելի դառնալ դրանց թերությունները: Քիչ-քիչ ընկերությունը կորցնում էր հանքի մասին պատմության նկատմամբ վերահսկողությունը և իր հիմնական դաշնակիցներից մի քանիսին։
Հայաստանի հանքարդյունաբերական փորձառությունը մինչ օրս լիովին թաթախված է կոռուպցիայի և բնապահպանական աղետների մեջ, որոնք հարուցում են երկրի ավելի քան 400 հարյուր հանքերը։ Լիդիանը փորձել է օգտվել այս ժառանգությունից` իրեն ներկայացնելով ոչ միայն որպես մյուս բոլոր հանքերից տարբերվող, այլև վստահեցնելով, որ ինքը կդառնա Հաաստանում պատասխանատու հանքարդյունաբերության օրինակելի ընկերություն, երկրին կբերի շոշափելի, ուղղակի և երկարատև տնտեսական օգուտներ։
Այս նպատակը հիմնավորելու համար ընկերությունը մշտապես ընդգծել է, որ Ամուլսարի հանքը միակն է Հայաստանում, որ ներդրումներ է ստացել ինչպես Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ), այնպես էլ` Միջազգային ֆինանսական կորպորացիայից (ՄՖԿ) և որ ներդրումներին կից գործում են, սոցիալական և բնապահպանական խիստ պահանջներ` առնվազն փաստաթղթային մակարդակով։

Շինարարական ավտոմեքենաները Թեղուտի հանքավայրում՝ Հայաստանի Լոռվա մարզում։ Հանքը փակվել է 2018 թվականի փետրվարին։ Լուսանկրաը Սառա Անջարգոլյանի/Wikimedia Commons. Որոշ իրավունքներ պաշտպանված են։ Կարևոր է նշել, որ այս երկու հաստատությունների գործունեության վրա կան սև բծեր , որոնք առաջացել են խնդրահարույց ծրագրեր ֆինանսավորելու պատճառով: ՄՖԿ-ն շարունակաբար հայտնվել է այլ հանքարդյունաբերական ծրագերի շուրջ վիճահարույց իրավիճակներում, իսկ ՎԶԵԲ-ը, բացի բազմաթիվ միջազգային վիճահարույց ծրագրերից, ֆինանսավորել է նաև Հայաստանում գործող «Դենո Գոլդ Մայնինգ» ընկերությանը, որի շահագործած Գեղանուշի պոչամբարը Կապան քաղաքի մերձակայքում վթարային վիճակում էր հայտնվել։ ՄՖԿ-ն 2017 թվականին նույնիսկ ընդունել է, որ Ամուլսարի հանքի հետ կապված խնդիրներ կան, երբ ՄՖԿ օմբուդսմենի գրասենյակը վերջիվերջո արձագանքել էր Գնդեվազի բնակիչների ավելի վաղ ներկայացրած գանգատին։
Օմբուդսմենը գնահատել էր, որ 2009-2016 թվականների ընթացքում ընկերության անցկացրած պարտադիր համարվող հանրային լսումները բավարար չեն եղել և որ համայքներին սպասվող վտանգները թերագնահատված են։ Անցկացված լսումների մեծ մասը եղել են «ոչ պաշտոնական» , «իրավիճակային», իսկ ՇՄԱԳ-ում նշված մեղմացման միջոցառումներից բխող վտանգները և ռիսկերը դուրս են ՇՄԱԳ-ում նկարագրվածի շրջանակներից։ Թերևս ամենակարևորն այն էր, որ զեկույցը եզրափակվում է նշելով, որ ՄՖԿ-ն վստահ չէ, որ Ջերուկ բրենդի՝ որպես տուրիստական կենտրոնի վրա հնարավոր բացասական ազդեցությունը պատշաճ գնահատվել է և մեղմացվելու է՝ համաձայն ՄՖԿ ներքին պատանջների։
Այս զեկույցի հրապարակումից ամիսներ անց ՄՖԿ-ն հայտարարեց, որ Լիդիանի հետ իր համագործակցությունը դադարեցնում է։ Այդ մասին տարածված հայտարարությունը, սակայն, Լիդիանին չէր քննադատում, ավելին՝ գովում էր ընկերությունը՝ պարզաբանելով, որ ՄՖԿ-ի ներդրումն ուղղակի այլևս անհրաժեշտ չէ։ Սակայն, ինչպես մեր հետ զրույցում նշեց միջազգային ֆինանսական հարցերով հանրային վերահսկողություն իրականացնող Բանկվոթչ ցանցի փորձագետ Ֆիդանկա Մըք-Գրաթը, ՄՖԿ-ի այս գործողությունը “արտասովոր է ու բացառիկ”` համեմատած նրա հետ, թե ինչպես է սովորաբար ՄՖԿ-ն վարում իր գործունեությունը։ Իսկ եթե հաշվի առնենք, որ կորպորացիան իրականում Լիդիանի հետ համագործակցությունը խորացնելու մտադրություններ ուներ, հավականական է, որ ՄԿՖ-ն ծրագրից դուրս է եկել դրա հանդեպ վստահությունը կորցնելու պատճառով։ Ամեն դեպքում, ՄՖԿ հրապարակից դուրս գալը դուրս բերեց նաև Լիդիանի մինչ այդ հաճախ բերվող փաստարկներից մեկը, որով ընկերությունը փորձում էր արդարացնել հանքի դրական իմաստով ներկայությունը Հայաստանում։

Հուլիսի 3, 2018 թվական։ Դոկտոր Էնն Մաեստի և դոկտոր Անդրէ Սոբոլեվսկու մամուլի ասուլիսը Անի Պլազա հյուրանոցում, Երևանում։ Աղբյուրը՝YouTube։Շուտով նաև ՎԶԵԲ-ի հետ Լիդիանի համագործակցությունը հարված ստացավ։ ՎԶԵԲ֊ի հետ կապված ևս մեկ հանքարդյունաբերական ծրագիր էր Թեղուտի հանքը, որը շահագործող ընկերությունը՝ Վալլեքս գրուպը, ֆինանսավորում էր ստացել ռուսական ՎՏԲ բանկից, որն էլ իր հերթին ՎԶԵԲ-ի վարկառու էր։ Հանքարդյունաբերական իր ծրագիրը ֆինանսավորողներին ներկայացնելիս`Վալլեքս գրուպը, Լիդիանի պես, խոստանում էր Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերության առաջամարտիկը դառնալ։ Թեղուտի հանքը, որ բացվեց 2014 թվականին, ծրագրում ներդրողների շարքում հիշատակում էր ՎԶԵԲ-ին և Դանիական ազգային կենսաթոշակային հիմնադրամին։ 2017 թվականին, Կենսաթոշակային հիմնադրամը վաղաժամկետ դադարեցրեց հանքին տված վարկը։ Ամիսներ հետո, Վալլեքս գրուպը հայտարարեց, որ դադարեցնում է հանքի շահագործումը և ավելի քան հազար աշխատողներին ազատում աշխատանքից։
Թեղուտի հանքի և Ամուլսարի միջև ևս մի կարևոր կապ կա․ երկուսի շահագործող ընկերություններին էլ խորհրդատվական ծառայություններ է մատուցել Գլոբալ Ռիսորս Էնջինիրինգ (GRE) ընկերությունը։ GRE-ն հեղինակել է Լիդիանի ոսկու հանքարդյունահանման ծրագրի տեխնիկական զեկույցներից երեքը, իսկ Վալլեքս գրուպի համար էլ 18 ամիս խորհրդատվական աշխատանքներ է կատարել։ Այս մասին մեզ հայտնել է GRE ընկերության գլխավոր բնապահպանական ինժեներ Լերի Բրեքենրիջը, ով անձամբ է եղել Վալլեքսի խորհրդատուն՝ հրաժարվելով ավելին մանրամասնել այն պատճառաբանությամբ, թե Թեղուտի հանքի շուրջ GRE-ի գործունեության մասին պայմանագիրը գաղտնիության դրույթներ է պարունակում: 2018 թվականի հուլիսին GRE-ն հանեց Վալլեքս գրուպի անունն ու լոգոտիպն իր կայքում տեղադրված պատվիրատուների ցանկից ( թեև GRE-ին շարունակում է Թեղուտի հանքից լուսանկար օգտագործել որպես իր կայքի ետնապատկեր):
Այդուհանդերձ, Վալլեքս գրուպի և Լիդիան Ինթերնեշընըլի միջև մի կարևոր տարբերություն կա, որ արժանի է հիշատակման։ Վալլեքս գրուպի սեփականատերը, ինչպես Հայաստանի հանքերի շատերի դեպքում, տեղացի օլիգարխ է, այս դեպքում՝ Վալերի Մեժլումյանը, իսկ Լիդիանի սեփականատերերը բոլորն արտասահմանյան ծագում ունեն։
Լոսանջելեսցին
ԱՄՆ-աբնակ քիմիայի ու բնապահպանության գծով ինժեներ Հարութ Բրոնոզյանն առաջին անգամ Ամուլսարի ծրագրի մասին իմացավ 2014 թվականին, երբ Լիդիանի ներկայացուցիչները ոսկու հանքի իրենց ծրագիրը գովազդելու միջոցառումներ էին անցկացնում հայկական սփյուռքի Լոս Անջելեսի և Նյու Յորքի համայնքներում։ Բրոնոզյանը, լինելով մասնագիտությամբ ինժիներ, ծրագրի մասին միանգամից վերապահումներ ունեցավ։ Նրա կարծիքով՝ հանքավայրի միայն աշխարհագրական դիրքը բացառում էր դրա անվտանգ շահագործումը; քանի որ այն գտնվում է Հայաստանի կարևոր ջրային ռեսուրսներին այդքան մոտ։
Սակայն մտածելով, որ ինքը չի կարող հանքի շահագործման հնարավոր ռիսկերը ճշգրտորեն գնահատել և չվստահելով Լիդիանի ներկայացրած բնապահպանական ազդեցության փաստաթղթերին, Բրոնոզյանը որոշեց դիմել անկախ խորհրդատուների։ Նա պայմանագիր կնքեց Բյուքա Ինվայրոմենտալ, Բլու Միներալս Քոնսալթընսի, Քլիըր Քոուսթ Քոնսալթինգ խորհրդատվական ընկերությունների հետ` պատվիրելով նրանց իրականացնել առկա տվյալների (Լիդիանի կողմից հրապարակված) վերլուծություն և ծրագրի ազդեցության նոր գնահատում։ Պատմելով իր նախաձեռնության մասին՝ Բրոնոզյանը մեզ ասաց․ «Ես չէի ցանկանում հավատալ բնապահպաններին, ոչ էլ` ընկերությանը, ոչ` որևէ այլ մեկին։ Ես ուզում էի տեսնել, թե երկրաքիմիական վերլուծությունն ինչ կասի»։ Այսպես Բրոնոզյանը հայտնվեց Ամուլսարի շուրջ ահագնացող քարոզչական պատերազմում։

Պահակակետ Ամուլսարում։ Լուսանկարը՝ Պյոտր Լյախովի Բրոնոզյանի խորհրդատուների զեկույցի հրապարակումը 2018 թվականի հունվարին կարծես պայթյուն լիներ, որ զինեց հանքի ընդդիմադիրներին և ստիպեց Լիդիանին և իր խորհրդատուներին սուր պատասխաններ հնչեցնել։ Զեկույցը հիմնականում վերահաստատում էր այն վտանգները, որ մինչ այդ բնապահպանները բարձրացնում էին, բայց այն նաև նոր պնդումներ ուներ, մասնավորապես, որ Ամուլսարի հանքի ամենամեծ վտանգը մի երևույթ է, որը հայտնի է թթվային ապարների դրենաժ անունով։ Այս պրոցեսը տեղի է ունենում, երբ բացահանքի շահագործման ընթացքում մակաբացումից հետո մակերևույթ դուրս եկած սուլֆիդներով հարուստ ապարները շփման մեջ են մտնում ջրի հետ (օր․ անձրևի և ձյան)։Այս շփման արդյունքում արտադրվում է թթու, որը հոսում է շրջակա միջավայր։ Թթվային դրենաժը, եթե չկանխվի, կարող է շրջակա ջրային ռեսուրսների թթվայնությունը մեծացնել՝ այդ միջավայրերը դարձնելով հարյուրավոր տարիներով անբարենպաստ ձկնաշխարհի համար, անպիտան՝ գյուղատնտեսության համար ։
Խնդիրը թթվային դրենաժի դեմ Լիդիանի առաջարկած մեղմացուցիչ մեթոդներն են: Մեղմացման գլխավոր մոտեցումը կոչվում է «պատիճավորում»․ թթու առաջացնող ապարները բառի բուն իմաստով շրջապատվում են ոչ թթվային ապարներով, և այսպես պաշտպանվում են անձրևի ու ձյան հետ կոնտակտից։ Սակայն, Բրոնոզյանի խորհրդատուները Լիդիանի հրապարական տվյալները ուսումնասիրելուց հետո եզրակացրել են, որ այդ մեթոդը թթվային դրենաժը կանխելու հարցում անարդյունավետ կլինի։ 2018 թվականի հունիսին Բրոնոզյանի խորհրդատուներից երկուսը եկան Հայաստան և Լիդիանի աշխատակիցների ուղեկցությամբ այցելեցին հանքավայր։ Այցից հետո նրանք մամլո ասուլիս հրավիրեցին և հայտարարեցին, որ ավելի են հստակեցրել Ամուլսարի ծրագրի շուրջ իրենց եզրակացությունները։ Այցի ընթացքում ստացած նոր տեղեկատվությունը համադրելով՝ նրանք հասկացել են, որ Ամուլսարի տարածքում ոչ սուլֆիդային ապարներ առկա չեն, և հետևաբար պատիճավորումը բացարձակապես անարդյունավետ կլինի։ Նրանք հայտարարեցին, որ Լիդիանի աշխատակցիներն իրենց ասել են, որ այլ մեղմացուցիչ մեթոդներ կկիրառեն, որոնք էլ, ըստ Բրոնոզյանի խորհդատուների, անվստահելի են և «էքսպերիմենտալ»։
Երբ մամուլի ասուլիսը թեժացավ ընդհատումներով ու մտքերի փոխանակումներով, Լերի Բրեքենրիջը (որը խորհրդատուներին ուղեկցել էր հանքավայր) հայտարարություններ արեց` պաշտպանելով Լիդիանին և վերջինիս մեղմացուցիչ մեթոդները։ Նա վերահաստատեց, որ պատիճավորումը շարունակում է մնալ թթվային դրենաժի կանխման համար օգտագործվելիք հիմնական մեթոդը։ «Եթե մենք նախընտրում ենք պաշտպանության հավելյալ միջոցներ ձեռնարկել, դա մեր իրավունքն է ու նախապատվությունը: Բայց դա որևէ կերպ չի նշանակում, որ մենք փոխում ենք այն ամենն, ինչ նախատեսված ու հաստատված է ՇՄԱԳ-ով»,֊ հայտարարեց նա։
Մենք դիմեցինք Լերի Բրեքենրիջին և Բրոնոզյանի խորհրդատուներին իրենց կարծիքների միջև առկա հակասությունը պարզաբանելու խնդրանքով։ Լերի Բրեքենրիջը, Լիդիանի հաստատմամբ հետևյալ պատասխանն ուղարկեց էլեկտրոնային փոստով․ «Ամուլսարում նախատեսվում է կատարել պատիճավորում արդյունաբերական ծածկույթի միջոցով՝ մասնավորապես չոր ծածկույթով։ Ամուլսարի ծրագիրը թթվային դրենաժի դեմ իրոք օգտագործում է միջազգայնորեն ընդունված կառավարման մեթոդ։ GRE-ն այս պնդումը ներկայացրել է Բրոնոզյանի խորհրդատուներին։ Իրականում, խորհրդատուները գովեցին, որ Ամուլսարի ծրագրում օգտագործվելու են հողային լիզիմետրեր չոր ծածկույթի արդյուավետությունը երաշխավորելու համար»։
Բրոնոզյանի խորհրդատուներից դոկտոր Անդրե Սոբոլևսկին մեզ հետևյալ պատասխանը տվեց․ «Երբ մենք հանդիպեցինք Ամուլսարում, Լիդիանը մեզ տեղեկացրեց, որ իրենք հրաժարվել են թթու առաջացնող թափոնները պատիճավորելու պլանից։ Նրանք ընդունեցին, որ տարածքում թթու չեզոքացնող ապարներ չկան, ինչը անհրաժեշտ պայման էր առաջարկված պատիճավորման համար և, որպես կանոն, անհրաժեշտ են, որպեսզի չեզոքացվի թթվի առաջացումը կոշտ թափոններում։ Իրենց առաջարկած չոր ծածկույթը նախկինում նշվում էր որպես առանձին, սակայն պատիճավորումը համալրող մեթոդ։ Նրանց նոր պլանի համաձայն, որ մեզ տեղում ներկայացրին, պատիճավորումը փոխարինվել է դրենաժը մեղմացնող նոր մեթոդներով, իսկ չոր ծածկույթը մնում է ինչպես պլանավորված է։ Այսպես, ինչպես արդյունաբերության մեջ է ընդունված և իրենք էլ էին դա ասում՝ չոր ծածկույթը այլ, պատիճավորումից տարբեր մեթոդ է»:
Հեղափոխության մուտքը Ջերմուկ
Մինչ Լիդիանը տանուլ էր տալիս տեղեկատվական պատերազմում, այն վստահելի գործընկերներ ուներ Հայաստանի նախորդ Կառավարությունում, որը ոչ միայն կանաչ լույս էր տվել հանքին, այլև պատրաստակամ էր հարկադիր օտարման ենթարկել գյուղացիների մասնավոր հողակտորները հանուն Լիդիանի և հարմարեցրել էր ՀՀ օրենսդրությունը՝ հօգուտ Լիդիանի։ Օրինակ, 2015 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ փոփոխվել էր հանքի տարածքում կառուցվող ճանապարհների թեքությունների թույլատրելի աստիճանը 7 տոկոսից 10 տոկոսի, որի արդյունքում ընկերությունը կարողացել էր իր գործառնական ծախսերը կրճատել 100 միլիոն ԱՄՆ դոլարով:
Բայց երբ Սերժ Սարգսյանը և իշխող Հանրապետական կուսակցությունը տապալվեցին 2018 թվականի ապրիլին, Լիդիանի վիճակն ավելի անբարեհույս դարձավ։ Ընկերությունը ոչ միայն կորցրեց իր անսասան դաշնակցին, այլև հանքին ընդդիմացողներն քաջալերվեցին հեղափոխության ոգով և զինվեցին պայքարի գործիքներով, որոնք, իրենց կարծիքով, հաղթանակի կհասցնեին։

Համերգ Ջերմուկում հանուն Ամուլսարի։ Լուսանկարը՝ Քնար Խուդոյանի։ Ջերմուկի բնակիչ և Ամուլսարի հանքի դեմ պայքարողներից Էդուարդ Աղաբեկյանը մեզ նկարագրեց հեղափոխության փոխակերպող էներգիան։ «Նախկին կոռումպացված կառավարությունը հանցակից է այս ամբողջ իրավիճակին։ Ջերմուկում տեռորի մթնոլորտ էր, և Հանրապետական կուսակցությունը ամեն ինչի վրա վերահսկողություն ուներ։ Եթե մենք այսպիսի բողոքի ակցիա անեինք Սերժ Սարգսյանի օրոք, մեզ տեղում կձերբակալեին։ Քննադատներին սպառնում էին կամ աշխատանքից ազատում։ Հիմա մենք, բոլոր հայերս, հաղթահարեցինք վախը և ստեղծեցինք ժողովրդավարական կառավարություն։ Հիմա մենք կարող ենք պայքարել մեր իրավունքների համար, այս դեպքում` առողջ միջավայրում ապրելու իրավունքի համար»։
Մայիսի վերջին, հեղափոխությունից ընդամենը մի քանի շաբաթ անց, Երևանից հեղափոխական հաղթանակով Ջերմուկ վերադարձած երիտասարդության առաջնորդությամբ՝ ջերմուկցիները սկսեցին կազմակերպված դիմադրություն Ամուլսարի հանքի դեմ։
Մայիսի 25-ին նրանք Կեչուտի դպրոցի շենքում կազմակերպեցին առաջին հանրային քննարկումը, որին մասնակցում էր շուրջ մոտ 70 մարդ Ջերմուկից, Կեչուտից և Գնդեվազից։ Քննարկում էին՝ ինչպես լուծել հանքի հարցը, ինչ նոր ռիսկերի մասին են տեղեկացվել և արդյոք կարող են վստահել նոր կառավարությանը։ Հարցերը չէին դրվում քվեարկության, չկար քննարկման առաջնորդ։ Ընթանում էր կոնսենսուսի միտված դանդաղ, երբեմն` աղմկոտ, բանավիճային քննարկում։
Բոլորը հրապարակայնորեն արտահայտում էին իրենց ունեցած մտահոգություններն ու դժգոհությունները, որոնք չէին սահմանափակվում բնապահպանական և առողջության հարցերով։ Փոշու հարցն առանցքային էր, թեև Լիդիանը խոստացել էր, որ փոշին հանքից մեկ կիլոմետրից հեռու չի հասնի, մինչդեռ քամոտ օրերին ամեն ինչ Ջերմուկում ծածկվում է փոշու շերտով։ Նաև դժգոհություններ կային լիդիանում աշխատողների հանդեպ խտրական վերաբերմունքից։ Մեզ հետ հարցազրույցում Դավիթը, ով Լիդիանում աշխատել է որպես ինժեներ, նկարագրել է աշխատողների համար ստեղծված պայմանները․
«Պետք է ընկերությունում ինչ-որ բարձր պաշտոն ունեցող մեկին իմանայիր, որ անգամ վարորդի մինիմալ աշխատանքի ընդունվեիր։ Ինչ վերաբերում է աշխատավարձին, աշխատողները չեն վարձատրվում ըստ իրենց կատարած գործի, այլ ըստ նրա, թե որտեղից են սերում։ Ջերմուկցի ինժեները ստանում է Երևանից եկած ինժեների աշխատավարձի կեսը, իսկ անգլիացիներն ու ամերիկացիները ստանում են մի քանի անգամ բարձր։ Գործից ազատում են, երբ ուզում են, ստիպում են ստորագրել ազատման դիմումներ, որոնց բովանդակության հետ համաձայն չես։ Ոչ մի կերպ մեր աշխատանքային իրավունքները պաշտպանված չեն»:
Տհաճ պատմություններ էլ են առաջացել։ Մարդիկ պատմում էին, որ հանքի շինարարության աշխատանք անելու համար Ջերմուկ եկածները ալկոհոլ էին օգտագործում, կռիվներ սարքում, պետհամարանիշերը հանում ու արագությունը գերազանցելով մեքենա վարում։ Տեղացիներն ասում են, որ եթե նախկինում երբեք դռները չէին կողպում, հիմա իրենց այլևս ապահով չեն զգում։ Կեչուտի դպրոցում մի քանի ժամ տևած թեժ քննարկումից հետո մասնակիցները որոշում կայացին․ կսպասեն նոր կառավարության գործողություններին։ Թեև կային մտահոգություններ, ընդհանուր առմամբ հանդիպման մասնակիցները վստահում էին Նիկոլ Փաշինյանին։
Այդ ընթացքում Երևանում նոր կառավավարությունը հայտարարեց Աշխատանքային խումբ ստեղծելու մասին։ Այն պետք է ուսումնասիրի Հայաստանում գործող բոլոր հանքերի, այդ թվում` Ամուլսարի համապատասխանությունը օրենսդրության և հանքարդյունաբերական լավագույն փորձի պահանջներին։ Չնայած հայտարարված ուսումնասիրությանը՝ շինարարությունը Ամուլսարում շարունակվում էր և մոտենում էր վերջնական փուլին, ինչն անհանգստացնում էր տեղացիներին։ Շուտով նրանք ինքնաբուխ ակցիաներ սկսեցին՝ պարբերաբար արգելելով շինարարների մուտքը Ամուլսարի տարածք։ Ակցիաներին հակազդելու համար Լիդիանի աշխատողները ևս սկսեցին ցույցեր անել՝ փակելով դեպի երեք համայնքներ տանող մայրուղին։
Ջերմուկցիները նորից հավաք կազմակերպեցին։ Այս անգամ ավելի քան 500 հոգի եկավ (ինչը մեծ թիվ է, եթե հաշվի առնենք, որ երեք համայնքների բնակչությունը միասին մոտ 7500 մարդ է): Որոշվեց, որ այլևս չի կարելի սպասել․ չի կարելի թույլ տալ, որ հանքի շինարարությունը ավարտին հասցվի։ Որոշեցին անժամկետ փակել հանքի բոլոր մուտքերը՝ ամեն մուտքի մոտ մի խումբ կամավորների հերթապահությամբ, համայնքների աջակցությամբ։
Ճանապարհները փակելու համար ստեղծվեց չորս «պոստ` պահակակետ»՝ յուրաքանչյուրը դեպի հանք տանող մուտքերի մոտ, որտեղ հերթափոխում են կամավորները։ Պահակակետերի ցուցարարներից շատերը Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ են, ոմանք նաև` 2016 թվականի Ապրիլյան թեժացման։ Նրանք օգտագործում են իրենց բանակային անցյալից փոխառված պրակտիկաներ և բառապաշար, հարցազրույցներ տալիս շեշտում, որ իրենց մոտ բանակային կարգապահություն է և հերթափոխի ընդունում-հանձնում։ Ընդհանրապես, դիմադրությունը հայեցակարգվում է որպես հայրենասիրական գործողություն, ինչը կարևոր շեշտադրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկու տարի առաջ տեղի ունեցած կարճատև, սակայն արյունալի ռազմական գործողությունների վերսկսման ետնապատկերում։
Պահակակետ Ամուլսարում։ Լուսանկարը՝ Քնար Խուդոյանի:Երիտասարդ ցուցարարներից մեկը՝ Բաբոն, մեզ հետ զրույցում ասաց․«Մեր ընկերները մահացան մեր հայրենքի մի մասը պաշտպանելով (Լեռնային Ղարաբաղը), մենք այստեղ ենք ապացուցելու, որ նրանք հենց այնպես չեն զոհվել»։ Հանքի և տեղական համայնքների միջև առճակատման շուրջ նման հայրենասիրական ձևակերպումները հավանաբար կարելի է բացատրել հետևյալ տարօրինակ փաստով․ մեր զրուցակից ցուցարարների մոտ կեսը մինչ հանքի շրջափակումը հանքի շինարարության մեջ է աշխատել (և պաշտոնապես դեռ մնում է որպես աշխատող): Այս հակասությանը ցուցարարները նմանատիպ բացատրություն էին տալիս․ հայրենիքի և աշխատավարձի միջև ընտրություն անելու հարց չկա։
Շրջափակումը շարունակվում է ավելի քան մեկ ամիս և այդքան երկար դիմանալը խոսում է այն մասին, որ համայնքները մեծ աջակցություն են ցուցաբերում այս խնդրին։ Ամեն ավտոմեքենա, որ անցնում է “պոստերի” մոտով, ի նշան աջակցության ազդանշան է տալիս։ Անցնողները հաճախ ցուցարարներին բերում են ուտելիք, ոչ ոգելից ըմպելիքներ, ծխախոտ և բենզին։ Ոմանք նույնիսկ վրաններ են բերել, որ ցուցարարները գիշերելու ավելի հարմարավետ պայմաններ ունենան։
Թեև ցուցարարները դիրքավորվել են` կանխատեսելով, որ մնալու են անժամկետ երկար ու խափանելու շինարարական աշխատանքները, նոր Կառավարության արձագանքն այդուհանդերձ ավելի սպասելի է դառնում։ Թեև սկզբում կառավարությանը դերը միանշանակ չէր ընկալվում ցուցարարների շրջանում, հիմա կարծես պահակակետերում բոլորը վստահ են, որ հաղթանակը, որ նախկինում անհնար կլիներ պատկերացնել, շատ մոտ է։
Քարի ու սարի արանքում
Հայաստանի նորընտիր վարչապետի առաջին արձագանքը Ամուլսարի հանքի շրջափակմանը կարծես հակադրվում էր ցուցարարներին։ Փաշինյանը կարծես Ջերմուկի ցուցարարներին համարում էր իր իշխանության սպառնալիք և վտանգ երկրի միջազգային տնտեսական հեղինակության համար։ Հունիսի 25-ին իր հայտնի ֆեսբուքյան ուղիղ եթերներից մեկի ժամանակ Փաշինյանը քննադատեց ցուցարարներին` ասելով․ «Եթե այդ գործողությունների նպատակը սաբոտաժը չէ և Կառավարության համար փակուղային իրավիճակի ստեղծելը, ես կոչ եմ անում դադարեցրեք քաղաքացիական անհնազանդության այդ գործողությունները։ Մի’ խանգարեք մեզ, որ մենք ուսումնասիրենք և ունենանք փաստեր և դրանց հիման վրա որոշումներ կայացնենք»։
Բայց Փաշինյանի հորդորը չընդունվեց։ Հանքի շրջափակումը չդադարեցվեց։ Ցուցարարներից Ահարոն Արսենյանը իրենց բոլորի անունից պատասխան հրապարակեց, որում մասնավորապես ասված էր․
«Ձեր և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարություններն արժեզրկում են մեր պայքարը՝ հանուն այնպիսի հիմնարար իրավունքների, ինչպիսիք են կյանքի իրավունքը, ջրի իրավունքը, առողջ բնական միջավայրում ապրելու իրավունքը»:
Իր հաջորդ ֆեյսբուքյան ուղիղ եթերով Փաշինյանը զգուշացրեց, որ Կառավարության բոլոր գործողությունները պետք է լինեն պրոֆեսիոնալ, օրենքներին համապատասխան, որպեսզի այդ գործողությունների արդյունքում հանկարծ Հայաստանի համար բացասական հետևանքներ չլինեն միջազգային ատյաններում կամ ներդրումային միջավայրի դրական վարկանիշի վրա։ Լիդիանն էլ իր հերթին հայտարարեց, որ չի վարանի դիմել միջազգային արբիտրաժ, եթե նոր կառավարությունը որոշի փակել հանքը։ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում Լիդիան Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն ասաց․

Նիկոլ Փաշինանը հուլիսի 6֊ին կայացած քննարմանը Ջերմուկում։ Աղբյուրը՝ YouTubе: «Որպես բորսայում գրանցված ընկերություն` մենք պարտավոր ենք ինչ-որ քայլեր անել, եթե ռադիկալ մոտեցում լինի։ Եթե որոշվի (հանքը) փակել, միանշանակ կան գործիքներ, միջոցներ, որոնք ընկերությունը պարտավոր է, ցանկալի չի, դա ծայրահեղ դեպքն է, պարտավոր է գնալ էդ քայլին, քանի որ ունի բազմաթիվ բաժնետերեր»։
Պարզ է, որ տարեկան փոքր բյուջե և մեծ պետական պարտք ( ՀՆԱ-ի 58.8 %) ունեցող Հայաստանի համար մեծ տնտեսական հարված կլինի, եթե Լիդիանի հետ կապված խնդրի լուծումը թանկ նստի պետության վրա։ Սակայն նժարին է Փաշինյանի` որպես հեղափոխական և հայրենասեր առաջնորդի լեգիտիմությունը։ Այսքանից հետո ինչպե՞ս, կարող է ոստիկանությունը ճնշել գաղափարական ցուցարարներին (այն էլ` ազատամարտիկների), ովքեր ընդամենը հեղափոխության խաղաղ մեթոդներն են օգտագործում։ Եվ գուցե կարևորագույն հարցը․ ինչպես կարող է Նիկոլ Փաշինյանը այս հարցը լուծել՝ առանց կորցնելու Նոր Հայաստանի հանդեպ միջազգային ներդրողների վստահությունը։
Ժամանակը ցույց կտա։ Բայց երբ հուլիսի 6-ին Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում հանդիպեց ցուցարարներին և Լիդիանին, իրավիճակի մասին նրա մոտեցումը կարծես փոխվել էր։ Հանդիպման ժամանակ Փաշինյանը կողմերին հորդորում էր կառուցողական և հանգիստ երկխուսության գնալ, և կրկին խնդրում էր Կառավարությանը հարցը ուսումնասիրելու ժամանակ տալ։ Փաշինյանը հարցրեց Լիդիանի գործադիր տնօրենին՝ որքա՞ն ժամանակ կարող են տալ, որպեսզի Կառավարությունը ուսումնասիրի՝ որքանով է ընկերությունը աշխատանքը համապատասխանում Հայաստանի օրենսդրությանը։ Լիդիանի նորանշանակ գործադիր տնօրենը հրաժարվեց ժամանակ տալ՝ հիմնավորելով, որ առանց այն էլ շինարարության դադարեցման պատճառով ընկերությունը 26 միլիոն դոլարի վնաս է գրել մինչ այդ պահը, մինչդեռ Կառավարության զննումները կարող են ընթանալ շինարարությանը զուգահեռ։
Փաշինյանը, իրեն ոչ հատուկ, ոչ դիվանագիտական պատասխան տվեց․ «Դուք ուզո՞ւմ եք, որ էս սիտուացիան հանգուցալուծվի, թե՞ ուզում եք, որ էս սիտուացիան չհանգուցալուծվի։ Ես էլ ձեզ ուրիշ բան ասեմ․ ինձ ասում են, որ դուք ձեր տնօրենին փոխել եք, բերել եք մի տնօրենի, ով մասնագիտացած է ոչ թե հանքերի շահագործման մեջ, այլ պետություններին դատի տալու մեջ»:
Վերջին նորությունները
Հուլիսի 24-ին Նիկոլ Փաշինյանը որոշում կայացրեց աշխատանքային խմբի վերաբերյալ նշանակելով խմբի անդամներին։ Խումբը ղեկավարելու է փորձառու բնապահպան իրավաբան Արթուր Գրիգորյանը, ով եղել է նաև գնդեվազցիների ներկայացուցիչը Հայաստանի վարչական դատարանում՝ Ամուլսարի հարցով պետական մարմինների դեմ բերված բողոքով։ Աշխատանքային խմբում ընդգրկված են նաև ազդակիր համայնքներից ներկայացուցիչներ, ընկերությունից ներկայացուցիչներ և բնապահպան փորձագետներ, ովքեր երբևէ առնչություն չեն ունեցել Լիդիանի ՇՄԱԳ-երի կազմմանը:
Ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանը 2013 թվականին եղել է Լիդիանի տնօրենների խորհրդի անդամ։ Վերջերս նա հայտարարել է, որ չէր մասնակցում խորհրդի նիստերին, և տնօրենների խորհրդի անդամ եղել է միայն երեկուկես ամիս՝ ու դուրս եկել, դրանից հետո «կապ չունի ընկերության հետ, վերջակետ»։
Պահակակետ Ամուլսարում։ Լուսանկարը՝ Քնար Խուդոյանի: Բնապահպանության նոր նախարարը՝ Էրիկ Գրիգորյանը, ևս նախկինում կապ է ունեցել Լիդիանի հետ։ 2014 թվականի օգոստոսից մինչև 2015 թվականի փետրվար Գրիգորյանն աշխատել է միջազգային խորհրդատվական Critical Resource ընկերությունում, որն այդ պահին Լիդիանի համար իրականացնում էր շահագրգիռ կողմերի ներգրավման ուսումնասիրություն:
Մեզ հետ զրույցում պաշտոնյան մեկնաբանել է․ «Իմ նախկին աշխատանքների հետ կապված ինֆորմացիան բաց դրված է իմ Linkedin-ում։ Ես ասել եմ, որ եթե որևիցե շահերի բախում ունենայի, ես որևէիցե աշխատանքի չէի անցնի»։
Այս ամենով հանդերձ, ամենաանսպասելի նորությունը եղավ այն, որ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց հանքի հետ կապված քրեական գործի հարուցման մասին, մասնավորապես`ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։ Քրեական գործի հիմք էր հանդիսացել ՀՔԾ դիմած քաղաքացու հաղորդումը Ամուլսարի շահագործման հետ կապված շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ:
Ամուլսարը
Ամուլսարի հանքի սագան կարծես մոտենում է իր հանգուցալուծմանը: Մինչ կառավարությունը համակ ուշադրությամբ զբաղվում է հանքի հարցով, իսկ ցուցարարները շարունակում են հսկել բարիկադները, Լիդիանն առերեսվել է իր գործունեության մեջ ամենավատթար իրադրությանը։ Թերևս այս ամենի մեջ բանաստեղծական մի պահ կա. սարը, որի անունով կոչվում է ոսկու հանքի ծրագիրը, իր անունը ստացել է անհիշելի ժամանակներում, այն «ամուլ»
և «սար» բառերի համադրումն է, քանի որ սարի վրա բուսականությունը հարուստ չէ: Թվում է, սարի ամլությունը կարող է վերաբերել նաև իր ընդերքին:
Երբ Լիդիանը հայտնվեց 2006-ին, այն ոսկու տենդի մեջ էր: Շատ հնարավոր է, որ հիմա նա Հայաստանը լքի ձեռնունայն:
Read more
Get our weekly email
Comments
We encourage anyone to comment, please consult the oD commenting guidelines if you have any questions.