
Երևանի քաղաքացիները մասնակցում են ցույցի` գրավված ոստիկանական պարեկապահակային ծառայության գնդի մերձակայքում: (c) Հրանտ Խաչատուրյան / ՌԻԱ Նովոստի։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Հոդվածի անգլերեն տարբերակը լույս է տեսել 2017 թ-ի փետրվարի 7-ին:
2016-ը բուռն փոփոխությունների և շարունակական մարտահրավերների տարի էր: Արևմուտքում այն լիբերալ կապիտալիստական ժողովրդավարությունների ճգնաժամի տարի էր, որի ընթացքում ականատես դարձանք աջ ազգայնական քաղաքական կուսակցությունների և շարժումների վերելքին: Բրեքսիթի հանրաքվեն Բրիտանիայում և Թրամփի ընտրական հաղթանակն ԱՄՆ-ում ընդամենը ամենացայտուն օրինակներն են նրա, թե ինչպես են ամբոխավարական քաղաքական գործիչներն օգտվում մարդկանց տնտեսական անապահովությունից, հուսախաբությունից ու ստատուս-քվոն փոխելու ցանկությունից: Այնինչ, նախկին Խորհրդային երկրներում, որտեղ ազգայնականության աճը միաժամանակ թե՛Միության փլուզման մղիչ ուժն էր, թե՛ արդյունքը, ծայրահեղ ազգայնական դիսկուրսներն ու աջերի՝ առանց իրական քաղաքականության ամբոխավարությունը քաջածանոթ երևույթներ են:
Տեղական քաղաքական իրադարձությունները, իհարկե, նույնպես անմիջական գործոններ են: Հայաստանում «ազգային միասնություն» ազգայնական դիսկուրսի վերելքը խիստ կապված էր 1980-1990-ականների ղարաբաղյան «միավորված և համազգային» շարժման հետ: Այս դիսկուրսը կանխում է առավել ուղիղ քննադատությունը և այլընտրանքների մասին քննարկումը` հօգուտ ազգային անվտանգության ստատուս-քվոյի: Եվ քանի դեռ խաղաղության բանակցությունները ծամծմվում են, կոնֆլիկտը պարբերաբար վերականգվում է՝ ավելի թեժացնելով այդ դիսկուրսը: