
Մինչ ողջ աշխարհն ականատես է լինում սեռական բռնությունների ու ոտնձգությունների վերջին դեպքերի քողազերծման #Metoo («Ինձ էլ») գլոբալ արշավին, Հայաստանում կանանց նկատմամբ բռնությունը կարծես հանրության կողմից ընդունված նորմ լինի։
Փետրվարի 13-ի Երևանի ավագանու նիստի տեսարանները ցնցող են․ ավագանու երկու կին անդամ՝ բժշկական ձեռնոցներով ու դիմակներով, ապակյա տարաներով կոյուղաջուր են բերել ավագանու նիստին։ «Երկիր ծիրանի» կուսակցության անդամներ Մարինա Խաչատրյանը և Սոնա Աղեկյանը կոյուղաջուրը հասցրել են քաղաքապետարան, որպեսզի շեշտադրեն Երևանի Նուբարաշեն թաղամասի բնակիչների դրությունը։ Նրանք հարկադրված են եղել նման ծայրահեղ քայլի դիմել, քանի որ բնակիչների բողոքներն ու բողոքի ցույցերը, որ Նուբարաշենի բանտի կոյուղին արտահոսում է իրենց շենքերի մոտով, շարունակաբար անտեսվել են։
Երբ ավագանու անդամ կանայք ապակյա տարաները ձեռքներին մտել են նիստերի դահլիճ այս խնդիրը շեշտադրելու նպատակով, նրանց վրա բռի կերպով հարձակվել են նիստին մասնակցող տղամարդկանցից մի քանիսը, ովքեր հիմնականում մեծամասնական Հանրապետական կուսակցությունից էին և զայրացած էին, որ կանայք ունեցել են գարշահոտ ջուրը ավագանու նիստերի դահլիճ հասցնելու համարձակություն։