Print Friendly and PDF
only search openDemocracy.net

Հայ կնոջ տեղը ցույցերում է

Հայաստանի կին ակտիվիստները հասարակական կյանքում տարածք են պահանջում: Կարո՞ղ են արդյոք ցուցարարների կանայք, քույրերն ու մուսաները երբևէ ընկալվել հենց որպես ցուցարարներ. English

Ցուցարարներ Հայաստանի մայրաքաղաքում 2015 թ.-ի Էլեկտրիկ Երևանի ցույցերի ժամանակ: (c)ԿիրիլԿալինկով / visual RIAN: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Երևանյան սովորական երեկո է: Մի տղամարդ տաքսի ծառայության մեքենայի մեջ Բաղրամյան պողոտայով իջնում է դեպի քաղաքի կենտրոն: Փողոցն անսպասելիորեն փակվում է ցուցարարների կողմից: Ակտիվիստների շարքում բարձրախոսով մի կին է, ով առանց կանգ առնելու թվարկում է խմբի պահանջները: «Սրանք բան չունեն անելու, դրա համար էլ ցույց են անում»,- ասում է վարորդը: «Հըլը այս կնոջը նայիր, տուն-տեղ, երեխա չունի հաստատ»: Ուղևորն ի պատասխան ժպտում է և ասում. «Տուն էլ ունի, երեք երեխա էլ ունի, նույնիսկ ամուսին ունի. ես եմ»:

Ֆեմինիստ ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանի կյանքից այս հակիրճ պատմությունն արտացոլում է քաղաքացիական ցույցերի և հատկապես կանանց ակտիվիզմի հանդեպ ոչ միանշանակ հանրային ընկալումները: «Շատ բարդ է կին ակտիվիստ լինել Հայաստանում: Մի հասարակությունում, որտեղ կանանցից ակնկալվում է տանը մնալ և զբաղվել տնային տնտեսությամբ, անսովոր է տեսնել կնոջ, ով դուրս է գալիս կապանքներից, փողոց է գրավում ու պայքարում որոշ հարցերի համար», պատմում է ինձ Զարուհին:

Հայաստանում հանրային տարածքը համարվում է «կանանց համար վտանգավոր»: ՀՀ ոստիկանությունը նույնիսկ պաշտոնական հայտարարություն ունի «կանացի անվտանգության» վերաբերյալ, որը խորհուրդ է տալիս կանանց, թե ինչ է պետք անել փողոցում հարձակումից խուսափելու համար: «Գիշերային ժամերին ինչ-որ տեղ ուղևորվելիս խնդրեք, որ հնարավորության դեպքում ձեզ ուղեկցեն», «աշխատեք այնպիսի հագուստ կրել, որը չի գայթակղի հնարավոր մոլագարներին», «աշխատեք ձեռքերը չծանրաբեռնել պայուսակներով», սրանք ոստիկանության կողմից մի քանի օգտակար խորհուրդներ են, որոնք ակնհայտորեն արդարացնում են կանանց նկատմամբ բռնությունն իրենց արտաքինի կամ պահվածքի հիման վրա՝ փոխարենը ապահովելու, որպեսզի հանրային տարածքներն անվտանգ լինեն բոլորի համար:

Տղամարդ հերոսներ, կին աջակիցնե՞ր

Պնդումը, թե «արտաքին աշխարհը» անվտանգ չէ կանանց համար, պատրվակ է Հայաստանի քաղաքացիական ու քաղաքական հարցերում նրանց ցածր ներկայացուցչականության ու այդ հարցերի շուրջ նրանց ներգրավումը բացառելու համար:

Չնայած նման ընկալումների՝ կանանց ներգրավվածությունը Հայաստանի քաղաքացիական շարժումներում, այդուհանդերձ, բարձր է: Ինչպես Զարուհին է նշում, «Կանայք Հայաստանում քաղաքացիական շարժումների ձևավորման անկյունաքարերն են և քաղաքացիական ցույցերի մեծ մասի կարևորագույն բարձրագոչ ձայները»:

Հունվար 2012: Մարդիկ հավաքվել են բողոքելու Մաշտոցի պուրակում ապօրինի շինարարության դեմ, Երևան. CC Wikipedia.

Այդուամենայնիվ, կանանց առաջնորդող դերերը կամ բարձր մասնակցությունը հեշտորեն մոռացվում են հանրության, և հատկապես զանգվածային լրատվական միջոցների կողմից: «Կանայք արմատական աշխատանք կատարեցին Մաշտոցի պուրակում»,- շարունակում է Զարուհին՝ հղում անելով 2012 թ.-ին Երևանի կենտրոնական պուրակներից մեկում կառուցվող առևտրի տաղավարների դեմ շուրջ երեք ամիս տևած ցույցերին:

«Այդուհանդերձ, հարթակ վերցնողներն ու հանրության հետ բարձրախոսներով խոսողները հիմնականում տղամարդիկ էին: Չնայած իր հորիզոնական ու ապակենտրոնացված ինքնակազմերպման ձևին՝ Մաշտոցի պուրակի ցուցարարները զերծ չէին կնատյացությունից ու հոմոֆոբիայից: Մի կողմից ցուցարարների հանրային սեփականության պահանջները բավարարվեցին, և առևտրի տաղավարների կառուցումը դադարեցվեց, սակայն մյուս կողմից` որոշ ցուցարարների վարքագիծը վեր հանեց նման շարժումներում ազգայնականության, սեքսիզմի ու տրանսֆոբիայի մակարդակը: «Շատ տխուր էր դա գիտակցելը»,- ամփոփում է Զարուհին:

Հայաստանում դեռ ընդունված է կարծել, որ կանանց առաջնային դերը ամուսնանալն է, ընտանիք կազմելն ու ազգի համար երեխաներ ունենալը: 

Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ուսումնասիրությունը հաստատում է այն, որ կին ակտիվիստների հանրային ու մեդիա կերպարները դեռ կառուցվում են գենդերային կարծրատիպերի ու ակնկալիքների հիման վրա: 2016 թ.-ի հուլիսին, երբ «Սասնա ծռեր» հակաիշխանական խումբը զինված միջոցներով գրավեց Երեւանի ՊՊԾ գունդը, կանայք ևս մասնակցեցին դրան հաջորդած խիստ առնականացված ու ռազմականացված ցույցերին:

Տղամարդ ոստիկանին գրկած երիտասարդ կնոջ լուսանկարը այդ ցույցերի ամենահայտնի նկարներից մեկն է: Արինե Սուքիասյանը մոտեցել էր ոստիկանին, հարցրել նրան` արդյոք կկրակի՞, եթե հրաման արձակվի: Երբ ոստիկանը պատասխանել էր, որ չի կրակի, Սուքիասյանը գրկել էր նրան: Լուսանկարը պատկերել էր հայ կնոջը վերագրված կանացի դերը՝ համեստ, առերեսման չգնացող, հոգատար, և, հետևաբար, դարձել խորհրդանշական:

Հոգատար, խաղաղարար. ակտիվիստ Արինե Սուքիասյանը գրկում է տղամարդ ոստիկանին. խորհրդանշական լուսանկար Սասնա Ծռերի ցույցերից. (c) Նարեկ Ալեքսանյան / Հետք. բոլոր իրավունքները պաշտպանված են.

Ի հակադրություն՝ ակտիվիստ Անի Նավասարդյանը ամառվա ցույցերի ժամանակ չկատարեց կանացիության իր պայմանական դերը: Նավասարդյանը գործելու կոչ արեց, նրա ձայնը ռազմաշունչ էր: «Սասնա ծռերի» բողոքի ակցիաների ժամանակ Նավասարդյանը գրավեց հարթակը և ակտիվ դերակատարություն ունեցավ ցույցերում: Նա շուտով բերման ենթարկվեց ոստիկանության կողմից՝ զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով:

Բերման ենթարկվելուց ու այնուհետև ազատ արձակվելուց հետո Անիին հանրայնորեն մեղադրեցին «տղամարդկանց տարածք» ներխուժելու մեջ: «Զարմանում եմ այն հասուն, գրագետ և կյանքի մեծ փորձ ունեցող այդտեղ հավաքված տղամարդկանց վրա, ում պետք է ղեկավարի այս աղջիկը», այս և նմանօրինակ հայտարարություններով ողողվեցին սոցիալական ցանցերը: Տեսակետը, ըստ որի՝ «շարժումը կարիք ունի իսկական, այսինքն տղամարդ լիդերների» գերիշխող դարձավ: Զուգահեռաբար Անիի պաշտպանությամբ հանդես եկողները կիրառում էին էութենական լեզու և արդարացնում նրա հաստատակամությունը, կամ` ներկայացնելով իր գործողությունները որպես «իսկական տղամարդու» արարք, կամ1 պատճառաբանելով, թե «բավարար տղամարդիկ չունենալու ազգային դժբախտությունն է ստիպում կանանց իրադրությունն իրենց հսկողության տակ վերցնել»:

Թվում է, թե անվտանգության սպառնալիքները, որոնց կին ակտիվիստները բախվում են, «հանրային տարածքը վտանգավոր է կանանց համար» հրամայականի արդյունք չեն: Տարածքը չէ, որ Հայաստանի կին ակտիվիստներին դարձնում է հարձակման, ճնշման ու բռնության թիրախ, այլ այն, թե ինչ են նրանք անում այդ տարածքում և ինչպես են պահանջում այդ տարածքի հավասար չափաբաժինը: Երբ կանայք «անցնում են սահմանը» և դառնում ակտիվիստներ, երբ այնպիսի հիմնահարցերով են զբաղվում, որոնք բերում են իրենց ազատագրմանը, նրանք դառնում են սպառնալիք, իրական սպառնալիք հայրիշխանության համար, քանի որ կասկածի տակ են դնում գենդերացված ուժը, այս կերպ նաեւ իշխանության և կառավարման ողջ համակարգը:

Արդյունքում, անվտանգության սպառնալիքները, որոնց կանայք ենթարկվում են, գալիս են ոչ թե հանրային տարածքի «վտանգներից», այլ հայրիշխանությունն անձեռնմխելի պահելու շարունակ ջանքերից:

Համոզմունքների գինը

Հայաստանի մարզերում ֆեմինիստ ակտիվիստ լինելը և հանրային տարածք պահանջելն ավելացնում է մարտահրավերների լրացուցիչ, եթե ոչ հիմնարար շերտ:

Անի Ասատրյանը երիտասարդ ֆեմինիստ ակտիվիստ է Լոռվա մարզի Սպիտակ քաղաքից: Փոքրիկ քաղաք, որտեղ ֆեմինիզմը սովորաբար ընկալվում է որպես օտար եզրույթ: «Մի քաղաքում, որտեղ չկա քաղաքացիական ակտիվիզմ կամ հանրային կազմակերպում, լինես ֆեմինիստ, կին իրավապաշտպան, թե ընդհանուր սոցիալական ու քաղաքական հարցերի համար պայքարող ակտիվիստ, եթե կին ես ու համարձակվում ես խոսել, ապա բախվում ես բազմաթիվ դժվարությունների ու կոտրում մի շարք կարծրատիպեր»: Նա տեսնում է հսկայական բաց Երևանում ֆեմինիստական ակտիվիզմի ու մարզերում դրան հատկացվող տարածքի միջև: Սպիտակում, ըստ Ասատրյանի, ֆեմինիստական խոսակցությունների համար հնարավորություն չկա. փոփոխությունը չափազանց դանդաղ է:

Մայրաքաղաքում, թե մարզերում՝ որքան հուժկու է կանանց ազատագրման համար պայքարը, այնքան ավելի է դրանց դեմ բռնություններով լի արձագանքը

Անին ակտիվորեն ընդգրկված է «Քաղաքացիական պայմանագիր» ընդդիմադիր քաղաքական կուսակցությունում, որը հիմնադրվել է 2013 թ.-ին որպես հանրային-քաղաքական միավորում: Քաղաքական ակտիվիզմի շրջանակներում հանրության հետ շփվելիս առաջին հարցը, որ Անին ստանում է հետեւյալն է. «Ամուսնացած ես»: Մարդիկ չեն կաշկանդվում Անիին խորհուրդ տալ շուտափույթ ամուսնանալ, քանի դեռ երիտասարդ է: Հայաստանում կանանց առաջնային դերն ամուսնանալն է, ընտանիք կազմելն ու «ազգի համար երեխա ունանելը»:

Մայրաքաղաքում, թե մարզերում՝ որքան հուժկու է կանանց ազատագրման համար պայքարը, այնքան ավելի մեծ է արձագանքը բռնություններով: Սպառնալիքներն ավեի մեծ են, եթե կին ակտիվիստները հրապարակային պայքար են մղում ֆեմինիստական հիմնահարցերի շուրջ: Ինչպես Զարուհին է մատնանշում, նրան մի քանի անգամ սպառնացել են՝ թե՛ուղիղ, թե՛ սոցիալական ցանցերում: «Նրանք սկսեցին երեխաներիս էլ սպառնալ, ինչն ինձ ետ չպահեց ակտիվիզմով զբաղվելուց, բայց մի բան է, երբ պատասխանատու ես միայն քեզ ու քո գործողությունների համար, երբ ոչնչից չես վախենում՝ընդհուպ մինչեւ տանկի դեմ դուրս գալուց, մինչդեռ պատասխանատվության լիովին այլ հարթություն է, երբ խնդիրը երեխաներիդ է վերաբերում»:

Զարմանալի չէ, որ անվտանգության սպառնալիքներն ու ճնշումները տարածված են ոչ միայն հասարակության լայն շերտերում, այլև ակտիվիստների անձնական օղակներում, որտեղ հոգեբանական ճնշումներ բանեցնելն ավելի հեշտ է: Գայանեն, ում անունը փոխված է անվտանգության նկատառումներով, իր ընտանիքի կողմից ենթարկվել է հոգեբանական բռնության և մանիպուլյացիաների ֆեմինիզմի ու ԼԳԲՏ հարցերի շուրջ իր ակտիվիզմի պատճառով:

«Եղբայրներիս աշխատավայրերում մարդիկ խոսում էին, որ ես ենթադրաբար լեսբի եմ, քանի որ ակտիվորեն ընդգրկված եմ ԼԳԲՏ ակտիվիզմում», - պատմում է Գայանեն: Գայանեի՝ որպես «ազգի թշնամու» լուսանկարները տարածվել էր Ֆեյսբուք սոցիալական ցանցում: «Ատելություն պարունակող անթիվ նամակներ եմ ստացել: Սպառնալիքներ ու մեղադրանքներ էի ստանում, դեմքս հանրաճանաչ էր դարձել, ինչի արդյունքում ընտանիքս ամաչում էր իմ պատճառով»:

Գայանեի եղբայրները պարբերաբար սպառնում էին նրան՝ պահանջելով լքել աշխատանքն ու ակտիվիզմը և «վերադառնալ նորմալ կյանքի»: Մի օր նրանք եկան տուն ու Գայանեին ստիպեցին ընտրել աշխատանքի ու ընտանիքի միջև: «Ես պատասխանեցի, որ չեմ կարող ընտրել ձեր և իմ միջև. ակտիվիզմն այն է, ինչ ես կամ»: Մի քանի տարի շարունակ նրանք չէին շփվում հետս ու հազիվ էին թողնում տեսնվել իրենց երեխաների հետ: «Երբ մեր տանն էի լինում, չէին գալիս մայրիկին տեսնելու: Ես վտարանդի էի»:

«Եվ ես ինքնիշխան, անկախ և անոք / Շրջեի ազատ՝ անհայտության մեջ» – Շուշանիկ Կուրղինյան (1876-1927). Հայտնի ֆեմինիստի բանաստեղծության գրաֆիտի. Լուսանկարի հեղինակ՝ Տարօրինակելով Երևանը Կոլեկտիվ. 
Իմ հաջորդ զրուցակից Շահամիրյան Անեթը, հակառակը, երբեք չի զգացել ընտանիքի կողմից ճնշում իր գործունեության պատճառով: Ավելին, նրա ընտանիքը բավարար չափով աջակցել է Անեթի գործունեությանը, իսկ հայրը ժամանակին քաղաքական ակտիվիստ է եղել: Ազգությամբ հայ Անեթը ծնվել է Թեհրանում, այնուհետև 16 տարեկանում տեղափոխվել Հայաստան: Վերադառնալուց որոշ ժամանակ անց միացել է Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ-ին, որը ֆեմինիստական արմատական կազմակերպություն է Երևանում, և ակտիվ կերպով ներգրավվել ֆեմինիստական ակտիվիզմի մեջ: «Իրանում կանայք ավելի ակտիվ են ցույցերին, հատկապես՝ կանանց հարցերին վերաբերող, բայց Հայաստանում ամեն ինչ այնքա՜ն տարբեր է»:

Մի քանի տարի առաջ Անեթը և Կանանց ռեսուրսային կենտրոնից որոշ այլ ակտիվիստներ հրապարակավ թաղեցին «Կարմիր խնձոր»-ը, որպես ավանդույթի դեմ բողոքի նշան: Սովորաբար, երբ կինն ամուսնանում է Հայաստանում, հարսնացուի ընտանիքին ամուսնության հաջորդ օրը մի զամբյուղ կարմիր խնձորներ են նվիրում, որոնք խորհրդանշում են կնոջ` «կույսի արյունն» ու «անաղարտությունը»: «Այս հրապարակային գործողությունից հետո մարդիկ իսկապես զայրացան»,-նշում է Անեթը:

«Կին ակտիվիստները սովոր են հանրային ճնշմանը»,- շարունակում է նա: 2013-ին, երբ հակագենդերային շարժումներն ակտիվացել էին Հայաստանում, բազմաթիվ ֆեմինիստ ակտիվիստներ վտանգի տակ էին, քանի որ գերազգայնական խմբերը կոչ էին անում հանրությանը «վառել նրանց» և «պայթեցնել նրանց գրասենյակները»: Այս խմբերը հրապարակում էին տեսահոլովակներ` ֆեմինիստ ակտիվիստների ու նրանց գործունեությունը արատավորելու արշավի շրջանակներում, այս կերպ նաեւ հրապարակում ֆեմինիստների անձնական տվյալները:

 Անվտանգության սպառնալիքները, որոնց կանայք ենթարկվում են, ոչ թե հանրային տարածքից եկող «վտանգներից», այլեւ հայրիշխանությունն անձեռնմխելի պահելու շարունակական ջանքերի արդյունք են

Անեթը խոստովանում է, որ ցույցերի ու դասընթացների ժամանակ մարդիկ նկատում են իր օտար խոսելակերպը և հարցնում են, թե որտեղից է: Անեթի խոսքով՝ որոշ մարդիկ իրեն վերաբերում են որպես օտարի, ով կարծում է, թե ավելի շատ բան գիտի, ու եկել է իրենց կրթելու: «Շատ կանայք ինձ ասում են՝ քո դեպքում ուրիշ է, ավելի հեշտ է, ես այստեղ չեմ կարող գնալ տուն ու ընտանիքիցս իմ իրավունքները պահանջել»:

Անեթը գտնում է, որ այդ կանայք ինչ-որ առումով ճիշտ են: Նա գալիս է կիրթ, քաղաքականապես ակտիվ ու արտոնյալ ընտանիքից, որտեղ նա չի ունեցել այն դժվարությունները, որոնք հաճախ հայաստանաբնակ կանայք ունեն:

Անեթը դասընթացներ է վարում քաղաքականապես ու սոցիալապես ակտիվ կանանց պատմության մասին: Նա խոսում է նաև անցյալի հայ ֆեմինիստների մասին, ինչպես, օրինակ, Շուշանիկ Կուրղինյանի, Զապել Եսայանի, Զաբել Սիպիլ Ասատուրի կամ Սրբուհի Տյուսաբի: Երբ նա խուսում է այս գործիչների մասին, մարդիկ դադարում են իրեն օտար ընկալել: Նշված կին գրողների ու մտավորականների հիմնարար աշխատությունները որոշ իմաստով ապակառուցում են հայերի ընկալումները ֆեմինիզմի մասին՝ որպես օտարածին արևմտյան մի եզրույթի, որն արհեստականորեն է ներմուծվել երկիր՝ խարխլելու մշակույթն ու ավանդույթները:

Երևանցիներին Հայաստանի ֆեմինիստական անցյալի մասին հիշեցնելու, տղամարդակենտրոն հանրային տարածքը ետ պահանջելու ու վերաիմաստավորելու նպատակով մի խումբ ֆեմինիստներ Շուշանիկ Կուրղինյանի բանաստեղծություններով գրաֆիտի են պատկերում քաղաքի տարբեր հատվածներում: «Երգել ուզեցի՝ ասին չգիտես. Երգեր հյուսեցի՝ լռի՛ր, աղջիկ ես...Անվերջ երգեցի՝ Շողոքորթեցին…»

Կուրղինյանի բանաստեղծության պես, Հայաստանի ֆեմինիստ ակտիվիստները շարունակում են իրենց անխոնջ ջանքերը, և հենց դրա արդյունքում է, որ համակարգը սկսում է անհանգստանալ, կամ գուցե պիտի…

 Թարգմանությունը՝ Աննա Նիկողոսյանի

About the author

Աննա Նիկողոսյանը հայ ֆեմինիստ ակտիվիստ է:

Subjects

We encourage anyone to comment, please consult the
oD commenting guidelines if you have any questions.